Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստվում է 2021-ին հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքեր գնել


Իրսայելական անօդաչու թռչող սարք, արխիվ
Իրսայելական անօդաչու թռչող սարք, արխիվ

2021 թվականին Վրաստանը պատրաստվում է հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքեր գնել, երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում կառավարություն է ձևավորվում, քաղաքական իշխող ուժը նույն է մնացել, կառավարությունը մնում է նույնը, բայց, ֆորմալ առումով, նախարարներին հաստատելու լսումները պետք է տեղի ունենան։

Վրաստանը պլանավորում է դրոնների մի մասը կապել հրետանային համակարգերին, որն արդեն կկարողանա դրոններից ստացված տվյալների հիման վրա հրետանային ճշգրիտ կրակ բացել թիրախների վրա։

«Մենք պատրաստվում ենք նաև հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները հագեցնել ժամանակակից հետախուզական թռչող սարքերով։ Զարգացնելու ենք նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այդ պլանների իրականացումը կկատարելագործի երկրի օդային պաշտպանությունը, որի արդիականացումը սկսվել էր Ֆրանսիայի հետ։

«2018 թվականին ավարտվեց ֆրանսիական ծրագրի առաջին փուլի իրականացումը։ Մենք ստացել ենք ֆրանսիական արտադրության օդային դիտարկման ռադարներ, հրամանատարական մոբիլ հենակետ և ''Mistral 3'' տիպի զենիթահրթիռային 3 համակարգեր։ 2021 թվականին կավարտվի ֆրանսիական ծրագրի երկրորդ փուլը։ Մենք վերջերս նաև համաձայնագիր ենք ստորագրել Իսրայելի գործընկերների հետ` մեր հակաօդային համակարգն ամբողջովին արդիականացնելու և թարմացնելու համար», - խորհրդարանական լսումներին ասել է Ղարիբաշվիլին։

Այս պլաններին զուգահեռ գալիք տարի Վրաստանը շարունակելու է զարգացնել նաև սեփական ռազմաարդյունաբերության համալիրը։ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ վրացական արտադրության շուրջ չորս տասնյակ ծանր զրահատեխնիկա արդեն գտնվում է զինված ուժերի տրամադրության տակ։

Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք երկրներ վերանայում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով դրոնների գործոնը

Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ զարգացած, վերանայում, կամ առնվազն քննարկում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի գործոնը։

Մարտական գործողություններում դրոններն առաջին անգամ չէին օգտագործվում, բայց նախկինում դրանց կիրառումն ավելի շուտ հետախուզական բնույթ էր կրում, կամ հարվածային դրոններով որևէ մի կոնկրետ օբյեկտ էր ոչնչացվում, ահաբեկչական ինչ-որ խմբավորման պարագլուխ, մասնավորապես, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում դրոններ էր օգտագործել Միացյալ Նահանգները։ Վերջին շրջանում Սիրիայում և Լիբիայում Թուրքիան է իր «Բայրաքթար» դրոնները կիրառում։

Դրոնները նորություն չէին, սակայն ղարաբաղյան պատերազմում շատ փորձագետներ նշում են դրանց վճռական ազդեցությունը պատերազմի ելքի վրա․ առաջին իսկ օրերին հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացվել էր Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգի մեծ մասը, որից հետո արդեն ավելի հեշտ էր թիրախավորել զրահամեքենաներ, տանկեր, զինամթերք կամ զինվորներ տեղափոխող բեռնատարներ։

Մինչ հիմա տեղի ունեցած պատերազմների, ռազմական բախումների համեմատ Ղարաբաղյան պատերազմը փորձագետները շրջադարձային կետ են համարում՝ նշելով, որ փոխվեցին ավանդական շատ պատկերացումներ մարտական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ավանդական օդուժի համեմատ դրոններն ավելի էժան են, դրանց ստեղծելը և կիրառելն ավելի դյուրին է, իրենց փոքր ծավալի շնորհիվ կարող են աննկատ մնալ հակաօդային պաշտպանության համակարգերից, ճշգրիտ նշանառությամբ կարող են թիրախներ խոցել նաև թշնամու թիկունքում, բայց ռազմական ոլորտում դրոնների հեղափոխության հոռետեսներ ևս կան․ ըստ «Մեդուզա» կենտրոնի իմի բերած կարծիքի, հոռետեսներն էլ գտնում են, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ մի նորություն չեն ցուցադրել, պարզապես հայկական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը հնացած էին և հակառկորդն օգտվել է այդ հանգամանքից։

Ըստ նրանց, ուժեղ հակառակորդի դեմ դրոնների զանգվածային կիրառումը նույն արդյունքը չի տա ինչ՝ Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG