Մատչելիության հղումներ

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե


«Հայրենիքի փրկության շարժման» ցույցերը համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այդ մասին Սաղաթելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն․․․ հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել», - գրել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ այսօր ներկայանալու է Քննչական կոմիտե, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնի հանրությանը։

«Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ», - գրել է Սաղաթելյանը։

«Հայրենիքի փրկության շարժումը», հիշեցնենք, երեկ մինչև 18:00-ն ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չեղավ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց՝ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։

Ոստիկանությունն էլ ավելի ուշ հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում արված հայտարարություններում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել Քրեական օրենսգրքի 301.1-րդ (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով) հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG