Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրես․ «Ամերիկյան հետախուզությունը Լեռնային Ղարաբաղում տիրող կացության շուրջ զեկույց պետք է հրապարակի»


Ստեփանակերտ, Արցախ

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայություններն առաջիկա երեք ամիսներին պարտավոր են Լեռնային Ղարաբաղում տիրող կացության վերաբերյալ հստակ պարզաբանումներ ներկայացնել ամերիկացի օրենսդիրներին։ Նման պահանջով դրույթը տեղ է գտել «2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» օրինագծում, որ կոնգրեսականների կողմից հաստատվեց անցած գիշեր։

Ծավալուն այս փաստաթղթի 615-րդ հոդվածը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության գնահատական» վերնագիրն է կրում, հստակ պահանջներ է առաջ քաշում ամերիկյան հատուկ ծառայությունների առջև՝ պարտավորեցնելով դրանց ղեկավարներին համապարփակ տեղեկատվություն տրամադրել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող կացության վերաբերյալ։

«Ոչ ուշ, քան այս օրինագծի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի [զույգ պալատների] հետախուզության հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր պարզաբանում ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», - նշված է օրինագծում։

Ամերիկացի կոնգրեսականների պնդմամբ` առաջիկա ամիսների ընթացքում Ազգային հետախուզության կողմից նախապատրաստվելիք այդ զեկույցում նախևառաջ պետք է հստակորեն վեր հանվեն Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների` տարածաշրջանում ունեցած ռազմավարական շահերը։

Բացի այդ, ըստ կոնգրեսականների` հետախուզական ծառայությունը այդ զեկույցում պետք է մանրամասնորեն նկարագրի վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները։ «Հարկավոր է նկարագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերը՝ [փաստաթղթում] ներառելով յուրաքանչյուր նման դեպքի առանձին նկարագրությունը և գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժի դիմել», - նշված է փաստաթղթում։

Օրինագծի՝ Ղարաբաղին վերաբերող հոդվածի երրորդ ենթակետի համաձայն էլ` հետախուզական ծառայությունը պետք է գնահատի, թե ինչ ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա։

Բացի այդ, կոնգերսականները պարտավորեցնում են Ազգային հետախուզությանը վերլուծել հետագայում ռազմական ուժի կիրառման հնարավորությունները՝ պնդելով, որ հատուկ ծառայությունները այդ հեռանկարը գնահատեն հստակ չափորոշիչներից ելնելով։

«Տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման և հնարավոր այլ ապակայունացնող գործողությունների գնահատականը պետք է տրվի կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով», - նշված է հաջորդ տարվա «Արտաքին հատկացումների մասին» օրինագծի՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հոդվածում։

«Մենք ողջունում ենք այս նոր օրենսդրական պահանջը, որի համաձայն Ազգային հետախուզության տնօրենը, օգտագործելով Միացյալ Նահանգների հետախուզական հանրության տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, պետք է Արցախին վերաբերող զեկույց ներկայացնի Կոնգրեսին», - օրինագծի ընդունումից հաշված ժամեր անց հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նախևառաջ պետք է պարզեն Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ուժի կիրառման մեղավորներին։

«Մենք վստահ ենք, որ այդ զեկույցը կհաստատի Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի փաստը, ինչը հիմք կհանդիսանա, որպեսզի Բայդենի ապագա վարչակազմը վերջ դնի Թրամփի ադմինիստրացիայի կողմից իրականացվող այն անմիտ ծրագրին, որի շրջանակներում նավթով հարուստ Ադրբեջանի կոռումպացված և բռնությունների հակում ունեցող նախագահ Ալիևին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրվում», - նշում է Համբարյանը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գնահատմամբ, ի դեպ, անցած գիշեր հաստատված այս օրինագծում տեղ գտած ձևակերպումները բավական նման են ավելի վաղ Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի նախաձեռնության՝ «2021 թվականի Հետախուզության մասին» օրենքում ներառված դրույթներին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` հենց Շիֆի ղեկավարած հանձնաժողովի ներկայացուցիչների ջանքերով է, որ ղարաբաղյան հակամարտության մասին հիշատակումները ընդգրկվել են նաև արտաքին հատկացումների մասին փաստաթղթում։

Հավելենք, որ Ներկայացուցիչների տան կողմից ընդունված այս օրինագծում չի շրջանցվում նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածության թեման։ Ըստ Հայ դատի գրասենյակի` անցած գիշեր հաստատված այդ փաստաթղթում Թուրքիային հատկացվող ամերիկյան ռազմական օգնությանը վերաբերող երկու առանցքային սահմանափակում է տեղ գտել։ Նախ սառեցվում եմ բոլոր այն ֆինանսական հատկացումները, որ առնչվում են Թուրքիային F-35 ռազմական օդանավերի և հարակից սպառազինությունների մատակարարմանը։ Բացի այդ, դադարեցվում է ամերիկյան օժանդակությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն ապահովող առանցքային ուժային կառույցին՝ «Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը»։ Այս մի սահմանափակման պատճառը 2017-ի գարնանը Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG