Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ստացել է Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումները, կցել Մովսես Հակոբյանի գործին


Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումները Գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով հարուցված քրեական գործին, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Այս քրեական գործը հարուցվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա։

Հայաստանի երրորդ նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս Ֆեյսբուքում գրառում էր արել, ըստ որի, 2018 թվականի հոկտեմբերին դեռևս Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:

Արթուր Վանեցյանն այս հայտարարության վերաբերյալ լրագրողներին ասել էր, որ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: «Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող», - նշել էր Վանեցյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG