Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գորիս չի գնում, վերադառնում է Երևան


Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չեն գնա, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն, իսկ այժմ վերադառնում է Երևան։

Նշենք, որ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի աշխատանքային օրն անցկացնելու է Սյունիքում, այցելելու է Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։ Մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից փակել են Գորիս տանող ճանապարհը որպեսզի թույլ չտան վարչապետի մուտքը Գորիս։

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին», - սիսիանցիների հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

Նշենք, որ վարչապետն այսօր եղավ Սիսիանում, քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին, ապա հանդիպեց բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետն ասաց՝ վստահ է՝ նույն ինքնաբուխ հավաքն է լինելու նաև Գորիսում, Կապանում, Մեղրիում, իսկ այսօր սադրանքների չեն տրվելու։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես սյունեցիների աչքերի մեջ նայեցի։ Ես գիտեմ, որ շատ հարցերում մեղավոր եմ, ես գիտեմ, որ պետք է շատ աշխատենք, եթե դուք դա ուզենաք, որ ձեր վստահությանն իսկապես արժանանանք, արժանի լինենք ձեզ։ Դուք բոլորդ շատ ավելիին եք արժանի։ Ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել և երկիրը հասցնել նրան, ինչին դուք իրոք արժանի եք։ Ես ուզում եմ դրա համար ներողություն խնդրել», - հայտարարեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG