Մատչելիության հղումներ

Ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանը պետք է բացատրի՝ ինչո՞ւ են վիճելի հարցերը լուծվում հօգուտ Ադրբեջանի


«Ազատությունն» այսօր զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Ստեփան Գրիգորյան. - Ես, ինչքան տեսնում եմ, բոլոր առանց բացառության վիճելի հարցերը լուծվում են ի օգուտ Ադրբեջանի: Օրինակ՝ երեկ Վլադիմիր Պուտինն իր հարցազրույցում հիշեցրեց, ինքը ասում է՝ «մենք պայմանավորվեցինք, որ զորքերը կմնան այն տեղերում, որտեղ որ կային զինադադարի պահին», բայց ես տեսնում եմ՝ խախտվում է: Շուշիի տակ գտնվում էին մեր կամավորները: Էդ հայտնի բան է: Ոչ թե դուրս Շուշիից, հենց Շուշիի տակ, ուրեմն Շուշիի շրջաններից մեկում, ես հարց եմ տալիս, ինչո՞ւ այնտեղից հանեցիք, ինչո՞ւ հարց դրեցիք՝ հանել, այդ թվում նաև Պուտինը, մի քանի անգամ ասաց՝ «մենք ուզում ենք, որ խաղաղ բնակչությունը՝ ադրբեջանական և հայկական, իրար հետ համագործակցեն», այդ դեպքում ինչո՞ւ չեք տալիս Հադրութի շրջանը, որ հայերը վերադառնան իրենց գյուղերը, ու հայերը պատրաստ են, թող լինի Ադրբեջանի ադմինիստրատիվ տիրապետության տակ, բայց ինչո՞ւ թույլ չեք տալիս:

Ես ցավով պետք է նշեմ, որ չգիտեմ՝ որտեղից է դա գալիս, ինչո՞ւ է Ռուսաստանը դա անում, ի՞նչ շահ ունեն, չեմ հասկանում, ցանկացած վիճելի խնդիր լուծվում է ի օգուտ Ադրբեջանի, քանի որ Ռուսաստանի ձեռքերում է այդ հարցը ի պաշտոնե՝ Ադրբեջանը համաձայնեց և Հայաստանը: Հիմա ցանկացած վեճ լուծում է, այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիների համար, ռուսն ասում է՝ գիտեք ի՞նչ, հայեր, բայց իրենց զորքը հասավ այդ կետը, բայց որտեղ մեր զորքը կանգնած է, իրենք ասում են՝ նախկինում այստեղ ադրբեջանցիք էին ապրում, դուք պետք է դուրս գաք: Ադրբեջանն էլ իր կողմից բավական ագրեսիվ է իրեն պահում, բայց գլխավոր մեղավորը հիմա ռուս խաղաղապահներն են, Ռուսաստանի կողմը, իրենք ստանձնեցին այդ պարտավորությունը ու կիսակատարում է կամ չի կատարում, դա զարմացնում է:

«Ազատություն». - պարոն Գրիգորյան, ընդհանրապես, օրինակ, Խորհրդային Միության ավելի քան 30 տարվա վաղեմության քարտեզներից օգտվելը որքանո՞վ է ողջամիտ, արդար, մի բան, որ այսօր Սյունիքում է տեղի ունենում:

Ստեփան Գրիգորյան. - Հիմա մենք մոռանում ենք շատ կարևոր բաներ, ու ցավում եմ, որ իշխանության ներսում չկան մարդիկ, որ այդ փաստերը գիտեն, չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, էդ ինչ թիմ հավաքեց Նիկոլ Փաշինյանը, որ գիտելիքներ չունեն: Երբ որ Սովետական Միությունը փլուզվեց, Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր էր, բայց երբ որ ստեղծվեց Սովետական միությունը, ստեղծվեց Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը, գիտե՞ք ինչ տարածք էր, 31 հազար քառակուսի կիլոմետր, մոտավորապես 1200 քառակուսի կիլոմետր ավելի: Ես էլ ասում եմ՝ վերցրեք Ռուսաստանի այդ քարտեզները, երբ որ այդ էր մեր տարածքը ու էդպես գծեք: Մենք տեսնում ենք, որ վերցնում են այն քարտեզները, ավելի ուշ, երբ որ ինչ-որ տարածքներ իրանց տվեցին էն ժամանակ, ու ես այստեղ պետք է ասեմ մերոնց, որ դա գիտություն է նաև, ասենք, դելիմիտացիա, դեմարկացիան լուրջ գիտություն է: Դու GPS-ով չես կարող դա անել, նույնիսկ եթե Ռուսաստանը քարտեզները բերում է, պետք է դու դիմես միջազգային հանրությանն, ասես՝ այս բաժանումները մենք համաձայն ենք անել, չպետք է ասենք՝ չէ, Ադրբեջան մենք մի քիչ առաջ եկանք էն ժամանակ, չենք տալիս, չէ, դա չպետք է ասենք, բայց դա գիտություն է լուրջ, պետք է հանձնաժողովներ ստեղծվեն, նաև միջազգային միջնորդներ պետք է ներգրավվեն, ոչ միայն Ռուսաստանը: Հիմա դա Ռուսաստանի ձեռքերում է. ինչ-որ քարտեզներ են բերում, որտեղի՞ց բերեցիք այդ քարտեզը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող ենք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG