Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը երեկ երեկոյան կրկին հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին


Երեկ երեկոյան Շիրակի մարզպետարանում կրկին հավաքվեցին Արցախի Խծաբերդի ու Հին Թաղերի մարտական դիրքերում գերեվարված զինծառայողների հարազատները՝ ցանկանալով իմանալ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի բանակցություններից տեղեկություններ կա՞ն, թե՞՝ ոչ։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են, ցուցարարներին էլ առաջարկեց խումբ ստեղծել, Պաշտպանության նախարարություն ու Կարմիր Խաչ գնալ:

«Բանակցությունները հենց էս պահին ընթացքի մեջ են, գործընթացը գնում է ամենաբարձր մակարդակով, մնացած մոտեցումները, որ պահին ներկայացնեն, էդ պահին մենք ձեզ կներկայացնենք։ Երկու գործընթաց է գնում՝ ես առաջարկում եմ պաշտոնական բանակցությունները հասնեն ինչ-որ կետի, մյուսը՝ ես էլ ձեզ հետ միասին, որտեղ որ կարող ենք՝ Կարմիր Խաչին, Պաշտպանության նախարարությանը հանդիպենք, ես էլ ձեզ հետ միասին էդ հաստատություններով անցնենք, երկու զուգահեռ պրոցես լինի՝ գնան բանակցությունները, մենք էլ մեր մասով փորձենք մաքսիմալ նպաստենք, որ մեր ուզած լուծումն օր առաջ հասնի», - ասաց մարզպետը։

Երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է՝ առանց նշելու, թե ինչ տեսանյութ նկատի ունեն։

Պաշտպանական գերատեսչությունը նաև չի մանրամասնում, թե քանի՞ հոգի է շրջափակումից դուրս եկել, կա՞ն էլի շրջափակվածներ, ի՞նչ է հայտնի գերեվարվածների մասին։

Հայտնի չէ նաև, թե արդյո՞ք շրջափակումից դուրս եկածները երեկվանից բողոքի ցույցեր անող ու պատկան մարիններից հստակ տեղեկություններ պահանջող Շիրակի մարզի բնակիչների հարազատնե՞րն են, թե՞՝ ոչ։ Միայն նշում են, որ ապաշրջափակման գործողությունը իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ։

Հայաստանի ՊՆ-ից հետո հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Պաշտպանության բանակը՝ նշելով, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։

Իսկ մարզպետարանում հավաքված հուսահատ ծնողները պահանջում էին, որ րոպե առաջ լուծվի գերության մեջ հայտնված իրենց երեխաների վերադարձի հարցը:

«Ինչի՞ տարան էրեխուս գցին թուրքի բերանը, զինադադար ե՞րբ է եղել, խաղաղապահ ուժերը բերեցիր, ինչի՞ դու 27-ին տարար տղերքին լցրեցիր թուրքի բերանը», - ասաց ցուցարարներից մեկը։

Շիրակի մարզպետն այսօր հանդիպումներ կունենա Պաշտպանության նախարարությունում և Կարմիր խաչում, որից հետո պայմանավորվեցին երեկոյան ծնողների հետ կրկին հանդիպել մարզպետարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG