Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մասամբ վերացրել է ադրբեջանական գյուղմթերքի ներկրման արգելքը


Ռուսաստանի իշխանությունները մասնակիորեն վերացրել են ադրբեջանական արտադրության գյուղմթերքի ներկրման վրա՝ դեկտեմբերի 10-ին սահմանված արգելքը։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հաղորդել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության ոլորտի վերահսկողական ծառայությունը (Россельхознадзор)՝ ընդգծելով, որ մեղմացումները վերաբերում են լոլիկի արտադրությամբ զբաղվող ադրբեջանական ընկերություններից միայն մեկին՝ Խիզիի շրջանում գտնվող «Ագրոտերմ» կոնցերնին։

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, գյուղմթերքի ներկրման արգելքի մասնակի վերացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ բանակցությունների արդյունքում։

«Բանակցությունները շարունակվում են, այժմ քննարկվում է ևս երկու ադրբեջանական ջերմոցային տնտեսությունների համար ներկրման արգելքը վերացնելու հարցը», - հաղորդում է ռուսական գործակալությունը։

Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությունը լոլիկի մատակարարման առաջատարներից է։ Ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ միայն այս տարվա 10 ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 170 հազար տոննա լոլիկ, որի ընդհանուր գումարային ծավալը կազմել է 190 միլիոն ԱՄՆ դոլար։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանական ընկերությունները այսօր վերահսկում են Ռուսաստանի լոլիկի շուկայի 38 տոկոսը։

Россельхознадзор-ն արգելել էր ադրբեջանական լոլիկի և խնձորի ներմուծումը Ռուսաստան: Россельхознадзор-ում ադրբեջանական բանջարեղենի և մրգի էմբարգոն բացատրել են ռուսաստանցիների առողջության մասին հոգատարությամբ․ Ադրբեջանին բազմիցս նախազգուշացվել է, որ իրենց արտադրանքը սանիտարական նորմերին չի համապատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG