Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը


Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, Թբիլիսի, 11-ը դեկտեմբերի, 2020թ.

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին՝ ի նշան բողոքի, ընդդիմադիր օրենսդիրները չեն մասնակցել: Ընդդիմությունը պնդում է, որ իշխող կուսակցությունը կեղծել է հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կուսակցություններին կոչ է արել «դադարեցնել քաղաքական առճակատումը և կենտրոնանալ բևեռականացմանը վերջ տալու, համերաշխություն և միասնություն դրսևորելու ջանքերի վրա»:

«Մենք հոգնել ենք այս անվերջանալի հայհոյանքից, վիրավորանքից, իսկական վրացական և կովկասյան վարվելակերպի ոտնահարումից: Ատելությունը պառակտում է երկիրը, այն դարձնում է խոցելի և տկար մի ժամանակաշրջանում, երբ մեզ առավել եռանդ է պետք մարտահրավերները դիմագրավելու համար», - ասել է նախագահը:

Այդ ուղերձով նա հեռակա կարգով դիմել է խորհրդարան ընտրված, սակայն առաջին նիստը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին:

«Հանրության համբերությունն արդեն սպառվում է, գրեթե 30 տարի ենք անկախ պետություն կառուցում, 30 տարին բավական է, որ թե՛ մարդը և թե՛ պետությունը հասունանան: Ժամանակն է ճեղքել այս արատավոր շրջանն ու առաջ շարժվել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հավաքվել էին խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող Երիտասարդների պալատի սրահում, որտեղ ստորագրել են մանդատներից հրաժարվելու և վերջին ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հռչակագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG