Մատչելիության հղումներ

Էջմիածնից զորակոչված ու անհետ կորած զինծառայողների հարազատները հստակ պատասխանի են սպասում


Էջմիածնից զորակոչված ու անհետ կորած զինծառայողների հարազատներն ավելի քան 50 օր է սպասում են, այս ընթացքում պատկան մարմիններից որևէ հստակ տեղեկություն չի փոխանցվել: Հարազատների պահանջը մեկն է՝ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր իրենց որդիներին են տարել:

Այսօր Էջմիածնի զորամասում հանդիպեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ, բայց ապարդյուն, հստակ պատասխան, ասացին, կրկին չի հնչել:

«Ես 50 օր է՝ մեկ հարց եմ բարձրացնում՝ ասեք, թե երբ: Իրենք փաստացի չեն կարողանում ասել, որ երբեք: Ամեն օր էսօր-վաղն են ասում ու այդ մեկ հարցի պատասխանը, որ պիտի ասեն երբեք, չեն կարողանում ասեն», - նշեց հավաքվածներից մեկը:

«Կոնկրետ իմ ամուսինը մի քանի ծնողների հետ գնացել է առավոտյան Կապան, որ սպասեն պատասխանի, բայց ի՞նչ պիտի ասեն: Եթե մեզ այստեղ սենց խաբում են, այնտեղ ի՞նչ պիտի անեն, նույն ձև էլ այնտեղ են խաբում», - ասաց «Ազատության» մեկ այլ զրուցակից:

Ասատրյանը հանդիպումից հետո լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց միայն՝ ինֆորմացիան փակ է:

Էջմիածնի զորամասի առջև հավաքվածներին այսօր մոտեցել էր նաև զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը:

Այստեղից մեկնած 62 զինծառայողներից միայն 22-ն է հետ եկել: Նրանցից մեկը պատմում է. «Մենք գնում էինք սովորականի պես գործողություն կատարելու, իմանալով, որ այնտեղ կարա լինի թուրք, բայց 10-20 հոգի: Դա մեզ ասում են 100 տոկոսանոց տվյալ: Մենք հասնում ենք այնտեղ, այդ 10-ը դառնում է 500 ու մնում ենք շրջափակման մեջ, ու օգնություն չի եկել»:

Ծնողներն ու հարազատները պահանջում են հանդիպում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

XS
SM
MD
LG