Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը երկօրյա այցով ժամանել է Բաքու


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով ժամանեց Բաքու: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Էրդողանին դիմավորում էին Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու արտգործնախարարի տեղակալներից մեկը։

Ինչպես և յուրաքանչյուր օտարերկրյա այցից առաջ, այս անգամ ևս, ճամփա ընկնելուց առաջ Էրդողանն Անկարայի միջազգային օդանավակայանում հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ներածական ողջ հատվածը նվիրված էլ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին։

«44 օր տևած ծանր կռիվներից հետո կիսալուսինն ու աստղը կրկին հպարտորեն ծածանվում են Ղարաբաղի երկնքում», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, ի դեպ, լրագրողների հետ շփման ընթացքում այսօր չէր ժխտում, որ Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին․ - «Առաջին իսկ օրվանից Թուրքիան իր համերաշխությունն է ցուցաբերել Ադրբեջանին, իր կարողությունների սահմաններում օգնել է և իր ներդրումն է ունեցել օկուպացված տարածքների ազատագրման գործում։ 30-ամյա անարդարությունն այլևս անցյալում է»։

Առաջիկա ժամերին Թուրքիայի նախագահը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, որոնք կշարունակվեն նաև վաղը։

Թուրքիայի պետական հեռուստաընկերության տվյալներով, Ալիևի և Էրդողանի քննարկումների հիմնական թեմաներն են լինելու Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված կացությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը։

Բացի այդ, այցի արդյունքներով Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները մի շարք երկկողմ համաձայնագրեր կստորագրեն։

Ի դեպ, Էրդողանի՝ Բաքու մեկնելուց հաշված ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ թուրքական մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ պայմանագրեր են կքնվել պատերազմի ընթացքում գրավված շրջաններում շինարարական աշխատանքներ իրականացնելու շուրջ։

Էրդողանի ադրբեջանական այցի առանցքային կետը սակայն վաղը Բաքվում նախատեսված զորահանդեսն է, որն ադրբեջանցիներն ու թուրքերը արդեն իսկ անվանում են «Հաղթանակի շքերթ»։ Այն կայանալու է Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին պաշտոնապես հաստատեց, որ Բաքվի զորահանդեսին նաև թուրք զինվորականներ են մասնակցելու։ Խոսքը թուրքական բանակի էլիտար հատուկջոկատային ստորաբաժանումներից մեկի՝ այսպես կոչված «Կապույտ բերետների» մասին է։ Թուրքական և ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակված տեսանյութերում հստակ երևում են զորահանդեսի փորձի ժամանակ Բաքվի կենտրոնական փողոցներով շարային քայլով անցնող մի քանի տասնյակ զինվորականներ, որոնք վանկարկում են՝ «Նահատակները չեն մեռնում, դրոշը չի խոնարհվում, հայրենիքն անձեռմխելի է»։

Ո՛չ Անկարան և ո՛չ էլ Բաքուն սակայն չեն նշում, թե հատկապես երբ են թուրք զինվորականները ժամանել Ադրբեջան։ Արդյո՞ք պատերազմի ընթացքում նրանք գտնվել են երկրի տարածքում և արդյոք մասնակցե՞լ են ռազմական գործողություններին՝ մի պնդում, որ հայկական կողմից պատերազմի օրերին պարբերաբար հնչում էր։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տվյալներով, վաղվա զորահանդեսին ավելի քան 3000 զինվորական և շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա է մասնակցելու, այդ թվում հրթիռային և հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվելու են նաև թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ տեղադրված հատուկ բեռնատար պլատֆորմների վրա։

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ վաղը Բաքվի կենտրոնական հրապարակում կցուցադրվի այն զրահատեխնիկան, որը, զորահանդեսի կազմակերպիչների պնդմամբ, պատերազմի ընթացքում առգրավվել է հայկական կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG