Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը քաոսի մասնագետն ու սիրահարն է, այդ ճանապարհով չի հեռանա. Էդմոն Մարուքյան


«Ազատություն» հյուրասրահում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

«Ազատություն»․ - Այսօր բողոքի ակցիաներ են անում, փողոց ենք փակում, և խորհրդարանական երրորդ ուժը, ընդդիմադիր խմբակցությունն այնտեղ չէ։ Սա չի՞ նշանակում, որ դուք անուղղակի չեք աջակցում փողոցային պայքարում մարդկանց կոնսոլիդացիային։

Մարուքյան․ - Ամեն ուժ իր անելիքներն ունի։ Օրինակ, հիմա վարչապետի հրաժարականը գրեթե բոլոր ուժերը պահանջում են, բայց փողոցները փակում են մի քանի ուժեր։ Ուզում եմ ասել, որ էս առումով ամեն ուժ ինքն է որոշում իր գործիքակազմը՝ ինչ անի, ոնց անի։ Երեկ, օրինակ, մենք լսումներ ենք անցկացրել, այսօր ռազմագերիների հետ կապված էս ուղերձի խնդիրն ենք առաջ բերել։ Դրա համար մենք շարունակելու ենք, մի կողմից օգնել պետությանը, աջակցել պետական մարմիններին՝ իր գործառույթներն իրականացնելու, որոնք ամենօրյա ռեժիմով շատ կարևոր են, կոնկրետ ռազմագերիների խնդիրը։ Մյուս կողմից՝ հետամուտ լինել, որ վարչապետը հրաժարական տա։ Եվ հրաժարական տալու հետ է նաև կապված էս բոլոր խնդիրների արդյունավետ լուծումը, ինչի մասին արդեն նոյեմբերի 10-ից սկսած ես խոսում եմ։

«Ազատություն»․ - Ավելի հավանական է, որ նա հրաժարական կտա լսո՞ւմների արդյունքում, թե՞ որ տեսնի, որ ամեն օր հազարավոր մարդիկ փողոցներ են փակում․․․

Մարուքյան․ - Եթե իմ կարծիքն եք ուզում իմանաք, Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ նա հրաժարական չի տա որևէ մի պարագայում։ Հետևաբար, քաոսի վերածելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա, որովհետև նա քաոսի մասնագետ ա։ Ինքը քաոսի սիրահար ա, և նիկոլավարի Նիկոլին անհնար ա հանել։ Դրա համար պետք էր գնալ կոնսոլիդացված բանակցություններ վարել և իրեն ասել, որ դու պետք ա դուրս գաս։ Էն, ինչ որ հիմա տեղի ունենում, իրա ամենասիրած բանն ա։ Ինքը կոմֆորտի մեջ ա։ Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան, կբողոքեն դրա դեմ, ու բախումներ կլինի, ինքն էլ կասի՝ տեսաք, բախումներ էղավ։ Պետք ա ճանաչել, հասկանալ իրան, իրա տրամաբանությունը, և իրա տրամաբանության մեջ գործել։ Ես չեմ ասում, որ մենք լսումներն արել ենք, որ ինքը դրա արդյունքում հրաժարական տար։ Լսումները միտված էր ելքեր փնտրելուն։

«Ազատություն»․ - Դուք ժամանակին նաև վկայակոչում էիք երթերի, ցույցերի արգելքը, որը հիմա վերացվել է․․․

Մարուքյան․ - Ես ասում էի, որ էդ երթերի, ցույցերի ժամանակ քրեական հետապնդման են ենթարկում ընդդիմադիրներին, որը էս պահին օրենքով է։ Եվ մենք նախաձեռնեցինք ռազմական դրություն հանել։ Ես չէի ասում, որ հենց երթերի, ցույցերի արգելքը վերանա, մենք անպայման երթեր, ցույցեր կանենք։ Եթե կարիք լինի, էդ էլ կանենք։ Ես ասեմ, որ բազմաթիվ մենք նամակներ ենք ստանում, զանգում են մեր ակտիվից, որ անպայման առանձին ցույց արեք։ Բայց ես կարծում, որ դա հնարավոր ա այլ կերպ ընկալվի։ Ես չեմ կարծում, թե Նիկոլը ցույցով հեռացող մարդ ա, ու պետք ա ցույց անել, որ Նիկոլը հեռանա։ Ես էդ գծի մեջ չեմ։

«Ազատություն»․ - Երբ ասվում է փոխել վարչապետին, ինչպես այսօր Ալեն Սիմոնյանն է հակադարձել, մի խումբ քաղաքական գործիչներ, շրջանակներ որոշել են վարչապետ նշանակել՝ շրջանցելով ժողովրդին։

Մարուքյան․ - Վարչապետի օր առաջ փոփոխությունը կտա Հայաստանի հնարավորություն շարժվել առաջ։ Այլապես երկիրը ուղղակի նա պահելու է քաոսի մեջ։

«Ազատություն»․ - Բայց ինչպես պարզել՝ ժողովրդի մեծամասնությունը ուզում է Դո՞ւք լինեք վարչապետ, Վազգեն Մանուկյա՞նը, թե» մեկ ուրիշը։

Մարուքյան․ - Սա ժողովրդական պրոցես չի, սա ընտրություններ չի։ Ընտրություններով չի որոշվելու, թե ով կարող է լինել վարչապետ, այլ խորհրդարանն է որոշելու։ Իսկ խորհրդարանը, ելնելով իրավիճակից, որ երկիրը չպետք է դոփի նույն տեղում, նույն բանավեճերի մեջ, պետք ա իր մեջ ներուժ գտնի և ընտրի վարչապետ, որը կձևավորի էդ ազգային համաձայնության կառավարությունը։ Ով էլ որ լինի, պետք ա էդ կառավարությունը ազգային համաձայնության լինի։ Չի կարող ուրիշ կառավարություն լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG