Մատչելիության հղումներ

Վարչապետի աջակիցների ակցիան Հանրապետության հրապարակում


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հորդորով իրականացված քաղաքացիական անհնազանդությունների ակցիաներից հետո Հանրապետության հրապարակում հավաքվել էին վարչապետի մի խումբ աջակիցները՝ Փաշինյանին սատարելու նպատակով:

«Էսօր պահանջվում է, որ ապակայունություն չլինի մեր երկրում, մենք կանգնած ենք մեր պետականության հիմքերին, վարչապետի կողքը», - ասաց հավաքվածներից մեկը:

Հրապարակում հավաքվածների մի մասը զինվորական համազգեստով էին, ասացին, որ առաջնագծից են եկել։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում պարբերաբար նախազգուշացնում է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, վարչապետի աջակիցները արձագանքում են՝ այդպիսի վտանգ չկա:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ ընդդիմադիրների հանրահավաքներին մի քանի հազար մարդ է մասնակցում, և որ այդ թիվը փոքր է խորհրդարանական ընտրություններում ճնշող մեծամասնությամբ հաղթանակած ուժի լիդեր Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար. «Վեց հազար հոգին ես գտնում եմ, որ շատ փոքր թիվ է, որպեսզի պահանջի 80 տոկոս ձայն տարած վարչապետի հրաժարականը, Հայաստանի Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցրած վարչապետի հրաժարականը»:

Վարչապետի աջակիցները հավաք էին կազմակերպել նաև շաբաթներ առաջ, այն ժամանակ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանին սատարողներն էին, մի քանի հարյուր մետր հեռավորություն վրա՝ Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն էր ընթանում։ Վարչապետն այդ օրը անձամբ էր եկել իր աջակիցներին հորդորելու դադարեցնել հավաքը։

«Վարչապետն ասաց, որ եթե կարիք լինի, նա հանրահավաքի մասին հայտարարություն կանի, բայց ո՞վ է ասում, որ մենք պետք է սպասենք անպայման վարչապետը մեզ կանչի նոր գանք, մենք անցած անգամ էլ ենք այստեղ եղել, այսօր էլ ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու», - նշեց հավաքվածներից մեկը:

Ցուցարարներից մեկն ասում է՝ իրադարձությունների այսպիսի զարգացումը չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է. «Պետք չի էսօրվա ղեկավարին մեղադրել, մենք էնքան տառապանքներ ենք ունեցել 10-20 տարի»:

Նրա կարծիքով՝ կողմերի միջև բախման վտանգ կա և չնայած այս հավաքին է մասնակցում, ասում է՝ փոխադարձ ակցիաները կարող են վնասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG