Մատչելիության հղումներ

Դերասան Վարդան Պետրոսյանի համոզմամբ, քաղաքացիական բախումները մահաբեր կլինեն Հայաստանի համար


Դերասան Վարդան Պետրոսյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը պետք է հրաժարական տան։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ դերասանն ասաց՝ զրուցել է շատերի հետ, այս տեսակետում ինքը մենակ չէ՝ ժողովրդի ձայնն է, իսկ ժողովուրդը ճչում է՝ «վարչապետը հրաժարական պիտի տա, բայց նախկինները չպիտի վերադառնան»։

«Ես շատ կուզենայի, որ վարչապետի կողքին կանգնած մնա իր թիմը, հանկարծ չթողնեն ու սկսեն փախչել, որ՝ «վայ, մենք հանկարծ պարզեցինք, որ իրականությունն այլ բան է»։ Դա ճիշտ չի, գեղեցիկ չի, արդար չի։ Մնացե՛ք ձեր վարչապետի կողքին։ Պետք է հիշեք, որ ժողովուրդը նրան է ընտրել և ոչ թե ձեզ, դուք նրա կողքին նրա արբանյակներն եք։ Ինչքանո՞վ կարողացավ, ինչքանո՞վ չկարողացավ, սա ուրիշ հարց է», - ասաց Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Գիտեք, ուրիշ բան է ունենալ համարձակություն կանգնել տանկի առաջ․ քո վրա խոյանում է տանկը, դու համարձակություն ունես, կանգնում ես տանկի առաջ՝ ոգեշնչում ես, կանգնեցնում ես և հետո նույնիսկ գնում մտնում ես տանկի մեջ, բայց ուրիշ բան է էդ տանկը քշելը։ Մարդ կարող է համարձակություն ունենալ տանկի առաջ կանգնել, բայց չկարողանալ տանկը քշել, կառավարել էդ գործիքը շատ դժվար է։ Կառավարել երկիրը խաղաղության պայմաններում էդքան էլ չստացվեց, արդյունքներից մեկը նաև պատերազմում մեր քաղաքական սխալներն են, ռազմական սխալներն են։ Այս պարագայում ստեղծվել է մի վիճակ, որ իսկապես ճիշտ կլինի որպեսզի վարչապետը հրաժարական տա, և հավատացնում եմ Ձեզ, ես մենակ չեմ, ինչ-որ տեղ լսեք, պատկերացրեք, որ ես իսկապես ժողովրդի ձայնն եմ։ Շատերն են ուզում՝ սկսած երթուղայինի վարորդից, ես քայլել եմ անգամ շուկայում, մարդիկ ճչում են, գոռում են՝ վարչապետը հրաժարական պիտի տա, բայց նախկինները չպիտի վերադառնան։ Մենք այստեղ կանգնած ենք մի շատ մեծ կոնֆլիկտի առջև, բայց էդպես է ուզում ժողովուրդը։ Հասկացեք, սա մի իրավիճակ է, որտեղ ժողովուրդը սա է ուզում»։

Հույս հայտնելով, որ քաղաքական ուժերն այնքան խոհեմություն կունենան հարցը հանգիստ լուծելու համար, դերասանը դիմեց նրանց՝ փնտրե՛ք և գտե՛ք ելքեր, ոչ ոք չի ուզում արյունահեղություն, ոչ ոք չի ուզում բախումներ։ Ըստ Պետրոսյանի, քաղաքացիական բախումները մահաբեր կլինեն Հայաստանի համար։

«Կարող եք պատկերացրեք մի շատ կոպիտ բան՝ ընտանեկան օրինակ, երեխան հորն ու մորն ասում է՝ «խնդրում եմ բաժանվեք, միայն իրար մի՛ ծեծեք, մի՛ կռվեք, որովհետև դա ինձ վրա վատ է ազդում»։ Ժողովուրդը երեխան չի, ժողովուրդը մայրն է։ Էս պարագայում երկու զավակ իրար հետ կռվում են։ Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է այնքան խոհեմություն ունենան, որ կարողանան հանգիստ էս հարցը լուծել։ Ինչպե՞ս, դա իրենց խնդիրն է։ Բայց դա պետք է կարողանան։ Արդյո՞ք մենք չենք կարողանալու դա անել՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր այսօրվա ժողովրդի վտանգված ապագայի։ Ես ձեզ թախանձագին խնդրում եմ մեր ժողովրդի անունից՝ ոչ ոք չի ուզում արյունահեղություն, ոչ ոք չի ուզում քաղաքացիական բախումներ և դա մահաբեր է մեր երկրի համար։ Կարողացեք գտնել ելքեր, փնտրեք և, վստահ եմ, կգտնեք», - ասաց Պետրոսյանը։

Այն, ինչ եղավ տասնյակ տարիներ առաջ, ըստ դերասանի, դա չի կարելի թույլ տալ։

«20 թվականն էր, կարծեմ, շատ ծանր կացություն ստեղծվեց Հայաստանում, Դաշնակցությունն էդ խոհեմությունն ունեցավ՝ նա կամավոր հրաժարվեց կառավարությունից։ Ի՞նչն է խանգարում, որ այսօրվա կառավարությունը կամավոր հրաժարվի, բայց նաև այնպես, որ նախկինները չգան։ Հասկացեք, շատ բարդ կացություն է՝ ժողովուրդը չի ուզում նախկիններին։ Ես ինչպե՞ս կարողանամ դա մարդկանց ասել, որ չեն ուզում, որ նախկինները կրկնվեն, չեն ուզում հետ վերադառնան էդ կաշառակերության ժամանակները, նրանք չեն հավատում էսօրվա էն խոսքերին, որ ասում են 15 տարի առաջվա երկիր թալանած մարդիկ՝ ինչքան էլ նրանք փորձում են անել, հավատացեք, դա այդպես է։ Վտանգավոր արտահայտությունների ժամանակը չի, որ «եթե վարչապետը չգնա, գազազած ամբողխը ․․․ » սա ի՞նչ արտահայտություն է, ինչի՞ համար է սա ասվում, ի՞նչ է փորձում կանխագուշակել․․․ այն, ինչ եղավ տասնյակ տարիներ առաջ, դա չի կարելի թույլ տալ», - եզրափակեց դերասանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG