Մատչելիության հղումներ

ՍԴ-ն կքննի սահմանադրական փոփոխությունների գործընթացն առ ոչինչ համարելու մասին ընդդիմադիրների դիմումը


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում
Սահմանադրական դատարանի շենքը Երևանում

Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննության է ընդունել սահմանադրական փոփոխությունների գործընթացն առ ոչինչ համարելու մասին «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների պատգամավորների դիմումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։ Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը», - գրել է Մարուքյանը։

Պատգամավորները ՍԴ-էին դիմել Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկությունից մոտ երկու ամիս անց՝ օգոստոսին։

Ազգային ժողովը հունիսի 22-ին 89 կողմ ձայնով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական փոփոխություններով, հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, դատարանը լքեցին դատավորներ Ալվինա Գյուլումյանը Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։

«Լուսավոր Հայաստանի» հիմնավորմամբ՝ այս գործընթացն իրականացել է անօրինական։ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և մինչև երկրորդ ընթերցում փոփոխությունների փաթեթը չի ուղարկել Սահմանադրական դատարան կարծիք լսելու։

Ըստ ԼՀԿ-ի՝ հակասահմանադրական է եղել նաև այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից։

Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է եղել 27 պատգամավորի ստորագրություն։ Պահանջվածից էլ ավելի էր հավաքվել՝ ԼՀԿ-ին միացել էին նաև ԲՀԿ-ական պատգամավորներ։ Չնայած, որ «Բարգավաճ Հայաստանը» մինչև դատավորների պաշտոնանկությունն էր այդ գործընթացի օրինականությունը վիճարկող դիմում ներկայացրել ՍԴ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG