Մատչելիության հղումներ

Նախագահը շրջադարձային որոշումների անհրաժեշտություն է տեսնում


Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների, կոչով դիմելով հանրությանը, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված», - նշել է նախագահը՝ հավելելով. «Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին»:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար:

Կառավարությունը, ըստ նախագահի, չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով. «Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է»:

«Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ: Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ», - ասել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահը անթույլատրելի ու անընդունելի է համարել ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը. «Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ»:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կարիք ունենք շրջադարձային որոշումների, և լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում:

«Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին», - եզրափակել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG