Մատչելիության հղումներ

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևը


Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը, որն, ըստ ԼՂ արտաքին քաղաքական գերատեսչության, վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում արտահայտված առանցքային դիրքորոշումը՝ երկրի կառավարության կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։

Արցախի արտգործնախարարությունն իր մեկնաբանությունում կարևորել է, որ «Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձևը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիան և խաղաղ բնակչության դեմ ազգային ատելության հիմքով իրականացված հանցագործությունները»։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ բարձր են գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը՝ Ֆրանսիայի իշխանությունների և եվրոպական այլ երկրների հետ համագործակցությամբ Արցախին մարդասիրական աջակցության ապահովմանը, ինչը կարևոր ներդրում կլինի պատերազմի հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամի արդյունավետ լուծման համար։

«Լիահույս ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերն ամուր քաղաքական հիմք կհանդիսանան ֆրանսիայի կենտրոնական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար», - նշում է Արցախի արտգործնախարարությունը՝ շարունակելով․ - «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները և կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովմանը։ Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունումը նաև լրացուցիչ խթան կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը»։

Ֆրանսիայի Ազգային ժողովը նոյեմբերի 4-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունեց Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձևը։ Նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG