Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտությունը


Armenia - Prime Minister Nikol Pashinyan participates at the meeting of the Eurasian Intergovernmental Council, which was held remotely
Armenia - Prime Minister Nikol Pashinyan participates at the meeting of the Eurasian Intergovernmental Council, which was held remotely

Հայաստանի համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և Հայաստանի քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստ անցկացվել է հեռահար կարգով։

Ըստ Հայաստանի կառավարության, վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր և սկզունքային է մնում միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ», - հայտարարել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս առումով, մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:

«Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումանը՝ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ:

«Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարևոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել և կնքել միջազգային համաձայնագիր՝ շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ», - շեշտել է Հայաստանի վարչապետը՝ եզրափակելով․ - «Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան»:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի՝ ակտիվ համագործակցության պատրաստակամությունն ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, և կոչ արել՝ աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու Հայաստանի նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների:

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Նիստին նաև մասնակցել են Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG