Մատչելիության հղումներ

Արցախի Մարտունու շրջանում կյանքը հունի մեջ է մտնում


Պատերազմից առաջ 24 հազար բնակիչ ունեցող Մարտունու շրջանում կյանքը հունի մեջ է մտնում։ Շրջանում դեռ հոսանքի խնդիր կա, նոր գծեր են անցկացվում, հները մնացել են հակառակորդին անցած տարածքներում։ Գազաֆիկացված է Մարտունու 80 տոկոսը, բայց՝ ոչ շուրջօրյա։

«Թաղավարդ համայնքն է, Կարմիր շուկան է, Մարտունի քաղաքն է, որ շատ ավերածություններ է եղել, Մաշկալաշենը, Հերհեր գյուղը․․․ ընդհանուր առմամբ շատ ավերածություններ կան՝ բնակելի տներ, ենթակառուցվածքներ, պետական, ադմինիստրատիվ շենքեր, բայց և՛ տեղի շինարարները, և՛ Հայաստանի Հանրապետությունից, արդեն ընդգրկված են այդ աշխատանքի մեջ, գույքագրվում է, ըստ առաջնահերթության, որպեսզի վերականգնեն, ասեմ, որ աշխատանքները սկսված են», - ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղեկալ Գևորգ Բալայանը։

Հակառակորդին անցած հինգուկես համայնքներից տարհանվել է 2 հազար 700 բնակիչ։ Նրանք հիմա տուն չունեն։ Մի մասը Մարտունիում է, մյուսները Ստեփանակերտում, կամ Հայաստանում են ժամանակավոր կացարան գտել։ Կորցված համայնքներից միայն Վազգենաշենն է հանձնվել եռակողմ համաձայնագրից հետո, մնացած համայնքները ադրբեջանական կողմը վերցրել է պատերազմի ընթացքում։

«Այս պահի դրությամբ կան վերադարձողներ տարհանված բնակավայրերից։ Հիմնականում ցանկություն են հայտնում Ստեփանակերտում բնակվելու, բայց մեր շրջանում ազատ բնակարանների գույքագրում է կատարվում, որպեսզի այդ մարդկանց տեղավորենք այստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բալայանը։

80-ամյա Գյուլչերա Սաֆարյանը ցույց է տալիս պատերազմի ընթացքում վնասված տունն ու ասում՝ միևնույն է Մարտունիից ոչ մի տեղ չի գնալու։

«Մենակ գան պատալոկս սարքեն, ես մնամ էստեղ։ Ես մեռնիմ՝ ստեղ, ապրիմ՝ ստեղ, Ղարաբաղից դուրս եկողը չեմ, Գորիս մի ամիս մնացել եմ մեռնում էի, ասում եմ՝ ես գնում եմ իմ հողս, իմ տունս, Ղարաբաղս, ես իմ տունս եմ սիրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց 80-ամյա կինը։

80-ականներից սկսած ղարաբաղյան պատերազմը նրանից խլել է որդուն, եղբայրներին, այս պատերազմում էլ զոհվել է թոռնուհու փեսացուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG