Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին Մեխակյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա նեշել է, որ ատեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար իր պատգամավորական մանդատի ռեսուրսը գնահատում է ոչ բավարար։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել», - գրել է իշխանական պատգամավորը։
Մեխակյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի իր հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ։