Մատչելիության հղումներ

Արցախում 25 շենքերի բնակիչները շուտով կտեղափոխվեն իրենց բնակարաններ


Արցախ - Ռուսաստանից Ստեփանակերտ ժամանած բեռնատարներ, նոյեմբեր, 2020թ․

Լեռնային Ղարաբաղի 25 բազմաբնակարան շենքերի բնակիչները մոտ ապագայում կկարողանան տեղափոխվել իրենց բնակարաններ, ուրբաթ օրը ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Լեռնային Ղարաբաղում վերականգնման աշխատանքները մեծ թափով ընթանում են մանկապարտեզներում, դպրոցներում, բազմաբնակարան շենքերում և մասնավոր տներում: Մոտ ապագայում 25 բազմաբնակարան շենքեր կրկին լիարժեք բնակության վայրեր կդառնան քաղաք վերադարձած բնակիչների համար», - փոխանցել են նախարարությունից:

Շուտով նախատեսվում է նաև վերականգնել Ստեփանակերտում գտնվող հյուրանոցը, որը մինչև 100 մարդու կարող է ընդունել: Միևնույն ժամանակ, շինանյութ է տեղափոխվում շրջաններ: Այսպես՝ 22 տոննա փայտ, ապակի և այլ նյութեր են հասցվել Մարտակերտ:

Ռուսաստանից ժամանած հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումն էլ սկսել է ընդունել Ստեփանակերտի բնակիչներին, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 տեղի բնակիչների: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետներ», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բացի այդ, ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն օգնում են իրենց գործընկերներին Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ աշխատելիս:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատը ավելի վաղ Իլ -76 ինքնաթիռներով ժամանել է Խաբարովսկից: Այն բաղկացած է ավելի քան 60 բժիշկ-մասնագետներից, ներառյալ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG