Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ, զոհված զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած թիվը հեռու է իրականությունից


Ադրբեջանցի զինվորը վնասված մեքենայի մոտ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում իր զինված ուժերի մարդկային կորուստների թիվը․ սպանվել է 2 հազար 783 զինծառայող։

Ինչպես հայտնի է, պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը հրաժարվում էր հրապարակել իր կորուստների մասին թիվն, իսկ այժմ էլ հրապարակած թիվը մոտ է հայկական կողմի մարդկային կորուստներին։

Հայաստանի առողջապահության նախարարությունից երեկ «Ազատության»-ը հայտնեցին, որ 2 հազար 718 զինծառայողի աճյուն է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել, մինչդեռ Արցախի պաշտպանության բանակը մինչ օրս հրապարակել է արդեն նույնականացված 1741 զոհված զինծառայողի անուն։ Փաստորեն, հայկական կողմն ունի 977 զինծառայող, որոնց անունները դեռևս հայտնի չեն։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանի հրապարակած թիվը հեռու է իրականությունից։

Մեհրաբյան․ - Իհարկե, սա առաջին քայլն է, որ Ադբեջանի ղեկավարությունը սկսում է ընդունել կորուստները։ Սա այն կորուստների թիվն է, որոնց առկայությունն ուղղակի դեռ պատերազմի ընթացքում, բաց աղբյուրներից, հնարավորություն է եղել նույնականացնելու։ Այսինքն, ըստ էության, այս հրապարակված թիվն արդեն իսկ վաղուց հայտնի էր։ Սակայն, մենք պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանը, որը 44 օր վարել է հարձակվողական գործողություններ, չի կարող ունենալ նույնքան կորուստներ, որքան հայկական կողմն է ունեցել, դա բացառվում է զուտ ռազմական պրակտիկայով։ Կարծում եմ, որ Ադրբեջանն էլ փոքր երկիր է և հնարավոր չի լինի հավերժ թաքցնել իրական կորուստների թիվը։ Ես կարծում եմ, որ այդ կորուստները կլինեն հայկական կորուստներից 3-ից 4 անգամ ավել։

«Ազատություն» - Միջազգային փորձը, կամ պատմությունն ի՞նչ են վկայում, ի՞նչ են ցույց տալիս, սովորաբար հարձակվող կողմն որքա՞ն է ավելի շատ մարդկային կորուստներ ունենում, քան՝ պաշտպանվողը։

Մեհրաբյան․ - Իմ ասած այդ ենթադրությունը հենց հենվում է պատերազմների պատմության փորձի վրա, որ միշտ հարձակվող կոմը 3-ից 4 անգամ ավել կորուստներ է ունենում, քան՝ պաշտպանվող կողմը։

«Ազատություն» - Այն, որ ադրբեջանական կողմից կռվում էին սիրիացի վարձկաններ, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հայտարարել են, թեև Բաքուն հերքում է, բայց ոչինչ հայտնի չէ վարձկանների կորստի մասին։ Խոսվում է նաև թուրքական և պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մասին։ Ոչինչ հայտնի չէ նաև նրանց կորուստների մասին։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել։

Մեհրաբյան․ - Այո՛, Դուք ճիշտ եք, խոսելով այդ կորուստների տարբերությունների մասին, այո՛, մենք խոսում էինք մինչ այս պահը զուտ Ադրբեջանի կորուստների մասին։ Այստեղ, իհարկե, այդ սիրիացի վարձկանների, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների կորուստների մասին ամենը դուրս է մնում և, իմ կարծիքով, այդպես էլ դուրս կմնա պաշտոնական վիճակագրությունից։ Ինչ վերաբերում է սիրիացի վարձկանների, սիրիայից տեռորիստների կրած կորուստներին, ապա հենց սիրիական աղբյուրները, որոնք գտնվում են Սիրիայից դուրս և մշտադիտարկման են ենթարկում ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, նրանք մինչ այս պահը, եթե ես չեմ սխալվում, նշում են մոտավորապես 300-ից քիչ պակաս զոհերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG