Մատչելիության հղումներ

Թուրքիան մրցակից է դառնում Ռուսաստանի ազդեցության գոտում


Քարվաճառից (Քելբաջար) դուրս եկող հայ զինվորականները լուսանկարվում են ռուսաստանցի խաղաղապահների հետ, 23-ը նոյեմբերի, 2020թ․
Քարվաճառից (Քելբաջար) դուրս եկող հայ զինվորականները լուսանկարվում են ռուսաստանցի խաղաղապահների հետ, 23-ը նոյեմբերի, 2020թ․

Թուրքիան Ռուսաստանի հետնաբակում մրցակից է դարձել։ Անկարայի ռազմական աջակցությունն օգնեց Ադրբեջանին հաղթել տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական դաշնակից Հայաստանին։ Հիմա Մոսկվան համաձայնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդները Հարավային Կովկաս մտնեն հրադադարի մոնիթորինգ իրականացնելու համար, գրում է BBC-ն՝ ներկայացնելով քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգերտի մեկնաբանությունը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, իսկապես աշխարհաքաղաքական աղետ է Մոսկվայի ազդեցության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հետխորհրդային մնացած ամբողջ տարածքում։ Ըստ էության, մենք տեսանք, որ Ռուսաստանի կողմից զինված և վարժեցված հայկական բանակը պարտություն կրեց Թուրքիայի կողմից զինված և վարժեցված ադրբեջական բանակից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ կարևոր պլացդարմ զբաղեցրեց տարածաշրջանում», - ասել է Կոնստանատին ֆոն Էգերտը՝ չբացառելով, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կարող է օրինակ ծառայել նաև մյուս խոշոր խաղացողների համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանային այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Թուրքիան, Չինաստանը, Իրանը, այս ամենից կարող են եզրակացնել, որ կարող են զարգացնել իրենց ուժերը տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում՝ առանց երկար խորհրդակցելու Մոսկվայի հետ, առանց վախենալու Կրեմլի պատասխան գործողություններից։

Հայերի հսկողության տակ մնացած Գետավանի բնակիչ Արայիկը BBC-ին ասել է, թե «մենք՝ հայերս, միշտ մտածում էինք՝ Պուտինը լավ տղա է և մեր կողմից է, բայց այս գործարքով մի հարվածով նա շատ բան տվեց Ադրբեջանին, դա շատ սխալ է»։ Սակայն ոչ բոլորն են կիսում նրա կարծիքը։ BBC-ի Մոսկվայի թղթակիցներից Սթիվ Ռոզենբերը զրուցել է Ղարաբաղից դուրս բերված հայ զինվորների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին կրակը դադարեցնելու համար։

Ընդհանրապես, 2020 թվականը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական մարտահրավերների տարի էր նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքով մեկ։ Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսում ժողովուրդը մարտահրավեր է նետել դիկտատորին, ում պաշտպանում է Մոսկվան։ Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ Կրեմլի համբերության սպառվելու նշաններին, նրան աջակցելու որոշումը հակառուսական տրամադրություններ է առաջացրել, ինչը հազվագյուտ երևույթ է Բելառուսում։ Հոկտեմբերին Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխությունը հանկարծակիի բերեց Ռուսաստանին։ Անցած ամիս Մոլդովայի նախագահական ընտրություններում արևմտամետ Մայա Սանդուն հաղթեց ռուսամետ Իգոր Դոդոնին։

Կոնստանտին ֆոն Էգերտը, անդրադառնալով Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու ձգտումներին, ասել է, թե ռուսական հանրության զգալի մասը նախկինի պես մտածում է ինչ-որ տեսակի կայսրություն ունենալու մասին, բայց շուտով ստիպված է լինելու հրաժեշտ տալ այդ գաղափարներին։ Ռուսաստանը ինքը կայսրությունից ազգային պետություն դառնալու անցումային շրջան է վերապրում, և դա անխուսափելի գործընթաց է, ասել է քաղաքագետը։

XS
SM
MD
LG