Մատչելիության հղումներ

Ըստ Այվազյանի, հակամարտությունը կհամարվի լուծված, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից


Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում, այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու Հայաստանի առաջնահերթությունները բանակցային գործընթացում։

Այվազյանն ընդգծել է՝ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել:

«Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այվազյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից:

Հարցին, թե հիմա դիտարկվո՞ւմ է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը, Այվազյանը պատասխանել է․ - «Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG