Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը


Արա Այվազյան, արխիվ
Արա Այվազյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Այվազյանը հույս է հայտնել, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձնանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին և հարևան տարածաշրջաններում իրականացվող ապակայունացնող քաղաքականությանը՝ նախարար Այվազյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում նույնպես վերջինս ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը: Երկուստեք կարևորվել է խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG