Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի նկատմամբ բռնի գործողությունը»


Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ դատապարտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանի նկատմամբ բռնի գործողությունը» և պահանջել դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Լրագրողական կազմակերպությունները նշել են, որ դեկտեմբերի 1-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել նրան։

«Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը», - հայտարարությունում նշել են կազմակերպության անդամները՝ շարունակելով․ - «Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն»։

Լրագրողական կազմակերպությունները հայտնում են, որ շարունակելու են ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու են լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG