Մատչելիության հղումներ

Ըստ Կապանի քաղաքապետի, օդանավակայանը շարունակելու է մնալ Հայաստանի տարածքում


Կապան քաղաքը, արխիվ
Կապան քաղաքը, արխիվ

Գորիս-Կապան ավտոմայրուղին գործում է անխափան ու անվտանգ է, Կապանն ապրում է բնականոն կյանքով, իսկ քաղաքին մոտ գտնվող և շուտով գործարկվելիք օդանավակայանը մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի տարածքում, «Ազատության» հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Ի դեպ, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանները ինչպես են հստակեցվելու։ Կան միայն առանձին պաշտոնյաների հայտարարություններ, թե երկու երկրների սահմանազատումն իրականացվելու է հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։

«Նախ պետք է հարցը ճիշտ հասկանանք, իսկ ո՞վ ասաց, որ կարող է սահմանազատումը նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով անցնի: Եթե նույնիսկ նախկին ԽՍՀՄ սահմաններով էլ անցնի, էլի չի անցնելու օդանավակայանը, օդանավակայանը մնալու է Կապանի տարածաշրջանում ամբողջովին: Իսկ ինչի՞ եմ ասում՝ դեռ պարզ չէ՝ սահմանազատումը որտեղով է արվելու, որովհետև այսօրվա դրությամբ մենք դիրքավորված ենք օդանավակայանից տասնյակ կմ-ներ առաջ», - ասաց Գևորգ Փարսյանը:

«Ազատության» հարցին՝ դեպի Ադրբեջա՞ն, Կապանի քաղաքապետը պատասխանեց. «Այո»:

Դիտարկմանն էլ՝ այսինքն Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանից էլ դեպի Ադրբեջանի տարածք ընկած հատվածո՞ւմ, Փարսյանն արձագանքեց՝ «այո»:

Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանների համաձայն, օրինակ, Կապանի օդանավակայանը Ադրբեջանից բաժանում էր միայն Ողջի գետը. գետից այն կողմ Ադրբեջանն էր, այս կողմ՝ օդանավակայանը։

«Ազատության» այն հարցին էլ, թե օդանավակայանը մինչև պատերազմը գործո՞ւմ էր, Կապանի քաղաքապետը պատասխանեց. «Ոչ»:

Իսկ թե նոր պայմաններում իրատեսական համարո՞ւմ է, որ այն կգործի, Գևորգ Փարսյանը նշեց. «Իրատեսական համարում եմ, որ ցանկացած պայմաններում կգործի»:

«Ներկա դրությամբ օդանավակայանի գործարկման հետ կապված տեխնիկական հարցեր կան, որոնք ընթացքի մեջ են, թե կոնկրետ ե՞րբ կգործի, դեռ չեմ կարող հստակ պատասխան տալ», - հավելեց նա:

Դիտարկմանը՝ այսինքն կան ծրագրեր, ինչ-որ քայլեր ձեռնարկվում են, Փարսյանն արձագանքեց. «Իհարկե, աշխատանքները շարունակվում են, ինչպես գիտեք ինքնաթիռն էլ գնված է արդեն վաղուց, օդանավակայանն էլ արդեն ամբողջովին վերանորոգված է, տեխնիկական հարցեր են»:

«Հետք» պարբերականի փոխանցմամբ, Կապանի «Սյունիք» անվանակոչված օդանավակայանը դեռևս 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանը 25 տարով կառավարելու, շահագործելու իրավունք է տվել «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Փոխարենը, Հայաստանի խոշորագույն հարկատուներից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել էր մոտ 2,8 միլիարդ դրամ ներդրում կատարել՝ վերանորոգելու, կահավորելու օդանավակայանը և աշխատանքների ավարտից հետո այն անհատույց հանձնել «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետի ավարտից հետո ամբողջ նորակառույց գույքն իբրև սեփականություն անցնելու է Կապան համայնքին։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Կապանի միջև ավիահաղորդակցությունն ապահովելու է «Atlantis Armenian Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող չեխական արտադրության 19 նստատեղով «L-410 UVP-E20» ինքնաթիռը, սկզբնական փուլում նախատեսված է Երևան-Կապան-Երևան ուղեգծով շաբաթական 3 չվերթ:

«Ներկա իրավիճակում քաղաքի մթնոլորտը նորմալ է, բնակիչներն իրենց առօրյայով ապրում են, անհանգստություն ներկա դրությամբ չկա: Ինչ վերաբերում է սահմանազատմանը դեռ կտեսնենք», - ասաց Գևորգ Փարսյանը՝ հավելելով. «Նույնն էլ վերաբերում է Կապան-Գորիս ավտոճանապարհին»:

Հարցին՝ այսինքն հիմա այդ ճանապարհն անվտանգ է և գործո՞ւմ է, Քաղաքապետը պատասխանեց. «Այո, անվտանգ է և գործում է»:

Իսկ եթե ամեն դեպքում ճանապարհը հայտնվի Ադրբեջանի տարածքում, կա՞ այլընտրանքային ճանապարհ Գորիսից Կապան, Փարսյանը պատասխանեց. «Այո, կա՝ Տաթևի ճանապարհով»:

Նշված խնդիրներին անդրադարձել է նաև Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ ֆեյսբուքի իր էջում երեկ գրելով. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»։

XS
SM
MD
LG