Մատչելիության հղումներ

«Մեր խնդիրն է աջակցել Փաշինյանին», - ասում է Պուտինը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը հետևողականորեն իրագործում են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ առաջնորդների այսօրվա գագաթնաժողովում, որն անցնում է առցանց ձևաչափով։

«Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց՝ Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ։ Դրանք, իհարկե, ցավոտ են և մեծ խիզախություն են պահանջել վարչապետից», - ասել է Ռուսաստանի նախագահը, հավելելով․ - «Ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության մակարդակը այդօրինակ որոշումների ընդունման դեպքում։ Փաշինյանը այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա»։

Եվս մեկ անգամ ընդգծելով Մոսկվայի դերն ու գործադրած ակտիվ ջանքերը՝ արյունահեղությունը դադարեցնելու հարցում, Պուտինը նշել է․ - «Մեր խնդիրն է աջակցել Փաշինյանին և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքը կարգավորվի, և ձեռք բերված բոլոր համաձայնությունները իրագործվեն»։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գագաթնաժողովի ավարտին կազմակերպության անդամները հատուկ հայտարարություն են ընդունելու «արդար ու կայուն աշխարհակարգի ձևավորման մասին»։ Փաստաթղթի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

XS
SM
MD
LG