Մատչելիության հղումներ

Սենատորներն ԱՄՆ-ին կոչ են անում օգնություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամից տուժած Արցախին


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերի հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին: Այս կարծիքն են հայտնել ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը իրենց համատեղ հայտարարության մեջ, որը երեկ հրապարակել է Մենենդեսի մամուլի ծառայությունը:

Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին «միջոցներ տրամադրել Հարավային Կովկասում շարունակվող հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար»՝ ընդգծելով ճգնաժամի ծանրությունը և ամերիկյան օգնության կարևորությունը: «Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակը սարսափելի է և ձմռան հետ ավելի կվատթարանա», - կարծում են սենատորները:

Մենենդեսը և Փորթմանը նշում են, որ «Թուրքիայի աջակցությունն ստացած հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ վնաս հասցրեց տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի, այդ թվում ՝ կանանց և երեխաների 90 տոկոսի, տեղահանմանը»։

«Մարտերը հնարավոր է և դադարեցվել են, բայց դրանց հասցրած վնասը միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում կշարունակի հանգեցնել մահվան», - նշել են սենատորները:

Արցախում վերականգնողական միջոցառումների լուրջ ֆինանսավորման խնդրանքին զուգահեռ՝ նրանք խնդրել են նաև հատուկ միջոցներ հատկացնել ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքների համար:

«ԱՄՆ-ը պետք է շարունակի մեր հին ավանդույթը՝ մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն, ինչպիսիք են հազարավոր էթնիկ հայեր, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ այլ կերպ են տուժել բռնությունից», - շեշտել են Մենենդեսը և Փորթմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG