Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կարող է կորցնել իրական անկախությունը, շեշտում է ամերիկացի վերլուծաբանը


Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Սերգեյ Շոյգու, արխիվ

National Interest ամերիկյան պարբերականի վերլուծաբան Մայքլ Ռուբինի փոխանցմամբ, Ադրբեջանը նոյեմբերի 9-ը՝ եռակողմ համաձայնության օրը, կարող է համարել Հայաստանի նկատմամբ հաղթանակի օր, բայց երբ տոնախմբությունների օրերն անցնեն, ադրբեջանցիները գուցեև կսկսեն գիտակցել, որ դա երկրի իրական անկախության ավարտի մեկնարկն է:

Նախագահ Իլհամ Ալիևը կարողացել է վերադարձնել հոր՝ Հեյդար Ալիևի ղեկավարման օրոք հայերի հսկողության տակ անցած տարածքները, նա կարողացել է հաջողությամբ մոլորեցնել ամերիկացիներին՝ խոստանալով դիվանագիտական ջանքերով լուծել խնդիրն ու դրա դիմաց զենք և փող կուտակել անսպասելի ռազմական հարձակում կատարելու համար, նա կարողացել է ամրացնել իր անձնական իշխանությունը և դարձել է Թուրքիայի ու Ռուսաստանի անփոխարինելի դաշնակիցը:

Ադրբեջանը հաղթել է, Հայաստանը՝ պարտվել, բայց Ադրբեջանն էլ է կորցրել, քանի որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկրի անկախության և ինքնիշխանության հաշվին, ընդգծում է Ռուբինը։

Հիմա Ադրբեջանում ռուսական զորքն է, որի նպատակն է երաշխավորել հրադադարը: Սակայն, ինչպես Ռուբինն է նշում, Ադրբեջանում պետք է լավ իմանան, որ ռուսները, որպես կանոն, «շատ արագ են գալիս և շատ դանդաղ են հեռանում»:

Թուրքերն էլ դժվար թե հեռանան Ադրբեջանից: Եթե Ադրբեջանի նպատակն էր վերադարձնել 1988-94 թվականին կորցրած տարածքները, ապա նախագահ Ռեջեփ Էրդողանն ունի շատ ավելի հեռու գնացող պանթուրքական ծրագրեր և ցանկանում է ստեղծել ու առաջնորդել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ մշակութային, տնտեսական ու քաղաքական դաշինքը: Այն կձգվի մինչև Չինաստանի ույղուրների երկրամաս, որը տեղացիներն անվանում են «Արևելյան Թուրքեստան»:

Այս ղարաբաղյան պատերազմում թուրքերը հասել են Ադրբեջան և ռազմական օգնություն են տրամադրել, և հիմա Ալիևը չունի նրանց հեռացումը խնդրելու կարողություն, նույնիսկ եթե ցանկանա դա անել:

Առաջին անգամ 1918 թվականին է Ադրբեջանը հռչակել անկախություն, սակայն 23 ամիս անց եկել են ռուս բոլշևիկները, ու անկախությունը փոխարինվել է խորհրդային իշխանությամբ:

Երկրորդ անգամ Ադրբեջանն անկախություն է հռչակել 1991-ին: Այս փորձն ավելի երկար է տևել, բայց հիմա՝ 2020-ին, նույն ավարտն է՝ նորից եկել են օտար զորքեր:

Դրանցից մեկը ենթարկվում է Կրեմլին, մյուսը՝ Աք Սարային (Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրը):

«Գուցեև այս զարգացումներով նշանավորվում է Ադրբեջանի իրական անկախության կորստի սկիզբը», - կարծիք է հայտնում ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

XS
SM
MD
LG