Մատչելիության հղումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով նոր քրգործ է հարուցել


Ազգությամբ արաբ 32-ամյա Յուսեֆ ալ Աբեդ Հաջի։ Նա մեղադրվում է միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով

Հայաստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 27-ից վերսկսված արցախյան պատերազմին առնչվող նոր քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով։

Այն առնչվում է Արցախի դեմ իրականացված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելուն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ անցած ամիս պատերազմի ընթացքում քրեական գործ էր հարուցվել միջազգային ահաբեկչության հոդվածով։ Ձեռք էին բերվել տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններին մասնակցելու համար միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների և վարձկանների է ներգրավել։

«Տեղյակ եք նաև, որ երկու վարձկաններ հայտնաբերվել էին մեր Զինված ուժերի կողմից, որոնց մեղադրանքներ էին առաջադրվել և նրանք կալանավորված են հիմա, բացի դրանից, տվյալներ էին ձեռք բերվել նաև մի քանի այլ վարձկանների մասնակցության վերաբերյալ, նրանց ևս որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումներ էր կայացրել վարույթ իրականացնող մարմինը, կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց և հայտարարել հետախուզում», - ասաց Աբրահամյանը։

Հայաստանում կալանավորված, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ ալ Աբեդ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը հայաստանցի իրավապահներին պատմել են, որ Սիրիայում հավաքագրվել են և տեղափոխվել Ադրբեջան՝ ամսական 2 հազար դոլարի համար, նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ կան տվյալներ, որ Արցախի և Հայաստանի տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք գործել են կազմակերպված խմբի կազմում և դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին։ Ահաբեկչական այս խմբավորումների կազմից էլ կատարել են ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ:

Արդյո՞ք այս նոր քրեական գործի հարուցումը նշանակում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներն այլ երկրներում կարող են քրեական հետապնդման ենթարկվել,Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականը պատասխանեց՝ Գլխավոր դատախազությունը գործի կդնի միջազգայի համագործակցության մեխանիզմները՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար։

«Քրեական գործի շրջանակներում բոլոր միջոցները ձեռք են առնվելու ֆինանսական այդ միջոցները հատկացնող, ըստ էության, միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորող անձանց, անկախ նրանից, թե դրանք ովքեր կլինեն, անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարելու։ Այսինքն, սովորական ընթացակարգով, ինչպես որ իրականացվում է քրեական գործի քննությունը, քրեական հետապնդումը, նույնը փորձելու ենք իրականացնել նաև այս գործի շրջանակներում», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը։

Այս քրեական գործը ևս ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG