Ցավոք, չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստի ժամանակ:
Ընդգծելով՝ թեև «2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունն ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է, վարչապետն արձանագրել է՝ այն արդյունքները, որ այսօր կան, ամենևին գոհացուցիչ չեն։
«Որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է: Մենք, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան», - ասել է Փաշինյանը:
Քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:
Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը: