Մատչելիության հղումներ

Ապագա խաղաղ գործընթացի դետալները շատ ու շատ դժվար կլինեն, կանխատեսում է ադրբեջանցի ընդդիմադիրը


Ադրբեջանցի ընդդիմադիր, փորձագետ Նաթիգ Ջաֆարլի, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր, փորձագետ Նաթիգ Ջաֆարլի, արխիվ

Ինչպե՞ս է Ադրբեջանը հարմարվում հաղթողի դերին, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում կառուցել ներքաղաքական գործընթացները և ինչպիսի՞ն է հակամարտության գոտու ապագան։ Այս հարցերի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» նախագիծը զրուցել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ռեալ» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի հետ։

Ներկայացնում ենք հարցազրույցը որոշակի կրճատումներով․

Հարց․ - Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակից հետո առաջին երկու շաբաթների զգացողությունը, ինչպե՞ս է փոխվում մթնոլորտը։

Նաթիգ Ջաֆարլի․ - 44-օրյա պատերազմի հաջող ավարտը, անշուշտ, շատ դրական է անդրադարձել հանրության վրա։ Կար դիրքորոշումների միասնականություն, և ընդդիմությունն աջակցում էր այդ ռազմական գործողություններին, քանի որ 26 տարվա բանակցությունները ոչինչ չեն բերել։ Սակայն, իհարկե, ժամանակի հետ հարցեր են առաջանում՝ Ղարաբաղում ապագայի ինչպիսի՞ տարբերակներ են քննարկվելու բանակցությունների սեղանին, ինչպե՞ս են որոշվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, կճանաչի՞ հայկական կողմը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանյան խաղաղապահների դերը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում։ Բնականաբար՝ հարցեր կան Լաչինի միջանցքի հետ կապված, քանի որ այն անցնում է Լաչին քաղաքով։

Հարց․ - Որքանո՞վ է Ադրբեջանն արդեն պատրաստ յուրացնել այս պատերազմի թերևս ամենագլխավոր արդյունքներից մեկը՝ տարածքները և Հայաստանի հարավում նման մեծ բիզնես կենտրոնի հայտնությունը, եթե արգելափակումից հանվեն բոլոր հաղորդակցությունները։

Ջաֆարլի․ - Սա այս տարածաշրջանի ամենամեծ ներուժն է։ Բայց, բնականաբար, առնվազն առաջին երկու տարվա ընթացքում կպահանջվեն բազմամիլիարդանոց ներդրումներ ենթակառուցվածքներում, ականազերծման, անվտանգության հաստատման համար, ինչից հետո, թերևս, հնարավոր կլինի խոսել հաղորդակցությունների արգելափակումը չեղարկելու մասին, Ադրբեջանի և Նախիջևանի հաղորդակցության վերականգնման մասին՝ երկաթուղային ճանապարհ, ավտոճանապարհ։ Ես չեմ կարծում, թե սրանք շատ հեշտ կլինի անել, յուրաքանչյուր տառի , յուրաքանչյուր ստորակետի համար բանակցությունների ընթացքում կոշտ առճակատում է լինելու։

Սակայն, բացի այդ, Ադրբեջանը ստացել է հսկայական քանակությամբ բերքատու տարածքներ։ Ադրբեջանում մեծ խնդիր կար վարուցանքի հետ կապված, ջուրը չէր բավականացնում, քանի որ օկուպացիայի ժամանակ հայկական ուժերն արգելափակել էին բազմաթիվ գծեր, որոնցով Ղարաբաղից Ադրբեջանի մյուս հատվածներ ջուր էր մտնում։ Այժմ այդ ջրային ռեսուրսները ևս հասանելի են դարձել։ Ե՛վ զբոսաշրջային պոտենցիալը, և՛ տնտեսական, և՛ գյուղատնտեսական․ այդ տարածաշրջանում կա նաև ոսկի, բնական հանածոներ, ճիշտ է, ոչ այնքան շատ, ինչպես մամուլում է խոսվում, բայց և այնպես կա։ Կարծում եմ, որ այդ ամենը, իհարկե, մեծ ազդեցություն կունենա, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, սակայն առաջին 2-3 տարիներին լարվածությունը մեծ կլինի։

Ադրբեջանում շատ քիչ միջոցներ կան, որպեսզի երկիրն ինքնուրույն լուծի բոլոր խնդիրները, բոլորը հույսը կապում են Նավթային հիմնադրամի հետ, որը 42 միլիարդ դոլար ունի։ Սակայն Նավթային հիմնադրամը, ինչպես ասում են, ռետինե չէ, միայն այս տարի Ադրբեջանի բյուջեի 58 տոկոսը կազմել են Նավթային հիմնադրամի տրանսֆերները։ Այս տարի Նավթային հիմնադրամի ծախսերը եկամուտներից երկուսուկես անգամ շատ են՝ հաշվի առնելով, որ նավթի գները կտրուկ նվազել են, և առաջիկա տարիներին նավթի նման բարձր գներ մենք չենք տեսնի։

Հարց․ - Ի՞նչ է Ադրբեջանը պատրաստվում անել նախկին ԼՂԻՄ տարածքների հետ, որոնք անցել են իր վերահսկողության տակ։ Ի՞նչ է լինելու Հադրութի հետ, վերադառնալո՞ւ են արդյոք հայերը Հադրութ։

Ջաֆարլի․ - Եռակողմ հայտարարության համաձայն՝ դեռևս զորքը կանգնում է այնտեղ, որտեղ կանգնած էր մինչև նոյեմբերի 9-ը։ Հետագայում, բնականաբար, հայկական կողմը անպայման կբարձրացնի այդ հարցը, սակայն այն ժամանակ պետք է համակարգային լուծում տալ, պետք է, որպեսզի մի քանի հազար ադրբեջանցիները վերադառնան Խոջալու [Իվանյան], Խանքենդի [Ստեփանակերտ]։ Այդ մասին ոչ ոք չի խոսում։

Ես կարծում եմ, որ ապագա խաղաղ գործընթացի կամ ապագայի խաղաղության համաձայնագրի դետալները շատ ու շատ դժվար կլինեն։ Անորոշ պահերը շատ-շատ են, շատ-շատ են դետալները, որոնք պետք է հստակեցվեն։

Պետք է արդեն հիմա մտածել այն մասին, թե ինչպես բարելավել հարաբերությունները համայնքների միջև։ Մենք հարևաններ ենք, Ղարաբաղի հայկական բնակչությունը պետք է ունենա նույն իրավունքները, ինչպիսին Ադրբեջանի քաղաքացիներն ունեն, նրանք, իհարկե, պետք է անվտանգության երաշխիքներ ունենան, նրանք պետք է զարգանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG