Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 11-ի հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործն ուղարկվել է դատարան


Նոյեմբերի 11-ի հանրահավաքը Երևանում

Նոյեմբերի 11-ի երեկոյան հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր նույն օրը, ձերբակալվել էր Երևանի 55-ամյա բնակիչ Ա. Օ.-ն:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա.Օ.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցե, ՀՀ ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը», - ասված է հաղորդագրությունում։ «Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ՝ նաև հետը նախորոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործարկելով նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում», - շարունակում է Դատախազությունը։

Ա. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և քրեական գործը ըստ էության քննելու նպատակով ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG