Ենթադրյալ հաքերների խումբը Հյուսիսային Կորեայից հարձակման փորձ է կատարել դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող և COVID-19 -ի դեմ պատվաստանյութի հեղինակ AstraZeneca ընկերության դեմ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հաքերները փորձել են հարձակվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներում ներգրավված համակարգիչների վրա։
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։ Ավելի վաղ Փհենյանը հերքել է կիբերհարձակումների մասին բոլոր մեղադրանքները։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո կտրուկ ավելացել են առողջապահական մարմինների, դեղորայքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների դեմ կիբերհարձակումները։ Շաբաթներ առաջ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ երկու հաքերային խումբ է հայտնաբերել, որոնք փորձում էին թիրախավորել պատվաստանյութերի մշակմամբ զբաղվող կառույցները, սակայն անուններ չի նշել։
Reutars-ը ավելի վաղ հայտնել է, որ նմանատիպ հարձակման փորձեր են եղել Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից։