Մատչելիության հղումներ

Իրանը միջուկային ֆիզիկոսի սպանության համար մեղադրում է Իսրայելին


Իրան - Մոհսեն Ֆախրիզադեին տեղափոխող ավտոմեքենան հարձակումից հետո, 27-ը նոյեմբերի, 2020թ․
Իրան - Մոհսեն Ֆախրիզադեին տեղափոխող ավտոմեքենան հարձակումից հետո, 27-ը նոյեմբերի, 2020թ․

Իրանի իշխանությունները երկրի միջուկային բնագավառի առաջատար գիտնականի սպանության համար մեղադրում են Իսրայելին։

Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Թեհրանի մերձակայքում: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ «զինված ահաբեկիչները հարձակվել են ավտոմեքենայի վրա, որում գտնվում էր Մոհսեն Ֆախրիզադեն»։ «Ահաբեկիչների և թիկնապահների միջև բախումներից հետո Ֆախրիզադեն հրազենային վիրավորում է ստացել և ծանր վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, ցավոք, նրա կյանքը փրկելու՝ բժիշկների ջանքերը հաջողությամբ չեն պսակվել», - ասվում է Իրանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն համարվում էր «իրանական ռումբի հայրը»։ Արևմտյան հատուկ ծառայությունները նրան համարում էին իրանական միջուկային ծրագրի ղեկավար։

«Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - նախօրեին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Թախթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած նամակում Ֆախրիզադեի սպանության համար մեղադրել է Իսրայելին։

Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար Հոսեյն Բաքերին ևս հայտարարել է, որ գիտնականի սպանության ետևում կանգնած են «սիոնիստական ռեժիմի հետ կապ ունեցող ահաբեկիչներ»։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, իր հերթին, հայտարարել է՝ Ֆախրիզադեի սպանության հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանում խառնված է Իսրայելը։

Reuters գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել հարձակման մասին տեղեկությունները։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ևս հրաժարվել է մեկնաբանություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG