Մատչելիության հղումներ

Սիրիահայ Էլիի փոքրիկ ռեստորանը ամեն օր կերակրում է տասնյակ արցախցիների


«Էլի» արագ սննդի ռեստորանն արդեն գրեթե երկու ամիս, ամեն օր կերակրում է Արցախից ժամանակավոր Երևան տեղափոխված ընտանիքների. աղցանները, տաք կարկանդակներն ու արաբական համեմունքներով այլ ուտեստները կեսօրին արդեն պատաստված ու տուփերում շարված են, առաքիչն էլ տեղում է՝ սննդի հերթական բաժինը ճաշի ժամին արցախցիներին հասցնելու համար։

«Ամեն օր տարբեր ընտանիքներ են լինում, մի օր 20, մի օր 50 հոգի կլինի, ամենաշատը 150 հոգի է եղել մի օրվա մեջ», - «Ազատությանը» պատմեց Էլի Թանաշյանն, ով ռեստորանի գլխավոր խոհարարն է ու այս պատմության գլխավոր հերոսը։

Նա 2012 թվականին, փախչելով Սիրիայի պատերազմից, թողել է Հալեպը ու եկել Երևան։ Այստեղ 4 տարի աշխատել է տարբեր սիրիական ու լիբանանյան ռեստորաններում, մինչև հիմնել է սեփական փոքրիկ անկյունը, որտեղ աշխատում են 6 հոգով։ Նրանք պատրաստում են սնունդ քաղաքի ամենատարբեր մարդկանց համար, բայց վերջին երկու ամսվա գլխավոր առաքելությունն արցախցիներին աջակցելն է։

«Սկսեցինք ամեն օր տարբեր ուտելիքներ տանել, օրինակ՝ պիցցաներ, փոքրերի համար ավելի հաճելի է, ուրախանում են։ Ամեն օր տարբեր սնունդներ, տարբեր ընտանիքների համար տալիս ենք», - պատմեց Էլի Թանաշյանը։

Տաք սնունդը վառարանից արցախցիներին հասցնելու գործընթացը համակարգում են մյուս կամավորները, որոնք առավոտյան Էլիին գրում են, թե քանի հոգու համար պետք է սնունդ պատրաստել։ Հաղորդագրությունը ստանալուց հետո գործի են անցնում։ Առավոտյան սովորականից շուտ են գալիս, որ մշտական պատվերներին զուգահեռ սա էլ հասցնեն։

«Ընկերս Ամերիկայից է, հիմա եկել է, Արցախում է, ինքն է ասում է՝ «էստեղ տվեք, էնտեղ տվեք», տարբեր հասցեներ կան», - նշեց Էլին։

Փոքր բիզնեսի համար մի քանի տասնյակ մարդկանց ամեն օր կերակրելը փոքր ֆինանսական բեռ չես համարի. այստեղ ևս աջակցության են հասնում մյուս կամավորները, գրեթե բոլորն՝ անտեսանելի, աշխարհի տարբեր կետերից։ «Զանգում, պարզ հարցնում են՝ «ինչի՞ կարիք ունեք, ինչո՞վ օգնենք»։

Առիթ չի եղել արցախցիներին անձամբ հարցնելու՝ հավանո՞ւմ են իր պատրաստած ուտեստները, թե՞ ոչ։ Փոխարենն, ասում է, Արցախ մեկնելու շատ-շատ հրավերներ է ստացել մարդկանց կողմից, ում անձամբ երբեք չի էլ հանդիպել, քանի որ խոհանոցը կլանում է իր ողջ ժամանակը։

«Միշտ ասում են, որ «անպայման սպասում ենք, որ քեզ հետ ծանոթանանք», բայց միշտ էստեղ եմ, չեմ կարողանում էստեղ թողնեմ ու գնամ», - ասաց Թանաշյանը։

Թե ինչպե՞ս ստացվեց, որ Սիրիայից հենց Հայաստան տեղափոխվեց, ինչո՞ւ որոշեց օգնել արցախցիներին, այս հարցերին պատասխանելիս Էլին սակավախոս է, հայրենասիրական ճառեր չի սիրում, նրա համար պարզից էլ պարզ է՝ Սիրիայից ոչ թե, օրինակ, Կանադա, այլ հենց Հայաստան պետք է գար։ «Էստեղ ինչ էլ անես, միշտ գոհ են մնում», - ասաց Էլին։

«Դիմացա՞վ ռեստորանը կորոնավիրուսի հարվածներին» հարցին պատասխանելիս Էլին անգամ չի գանգատվում․ - «Ավելի քիչ են հաճախորդներ գալիս, բայց առաքումներն են շատացել, այնպես որ հավասար եղավ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG