Մատչելիության հղումներ

Պակիստանյան և չինական սոցցանցերում պնդում են, թե Հայաստանը Հնդկաստանին է մեղադրում պատերազմում պարտության համար


Հայ զինվորները Քելբաջարի շրջանում, 25-ը նոյեմբերի, 2020
Հայ զինվորները Քելբաջարի շրջանում, 25-ը նոյեմբերի, 2020

Պակիստանյան և չինական սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր Հայաստանը Հնդկաստանին է մեղադրում Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության համար։ Օգտատերերը որպես պարտության պատճառ մատնանշում են Հնդկաստանի մատակարարած Swathi ռադիոտեղորոշիչ համակարգերի անբավարար աշխատանքը։ Այս մասին հայտնում է Eurasian Times անգլալեզու պարբերականը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Յութուբ և այլ սոցիալական հարթակներում տարածվում են չհաստատված տեղեկություններ այն մասին, թե իբր Հայաստանը որոշել է Հնդկաստանից պահանջել վերադարձնել ռադիոտեղորոշիչների համար վճարած 40 միլիոն դոլարը։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի հետ հակամարտող Պակիստանը, ըստ որոշ պնդումների, ղարաբաղյան վերջին պատերազմում ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Երկու երկրները վերջին տարիներին ակտիվ համագործակցում են ռազմական ոլորտում։

Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերությունը կարող է խիստ տուժել Հայաստանին անախորժություններ պատճառած այդ համակարգերի պատճառով։

EurAsian Times-ը, սակայն, շեշտում է, որ Հայաստանը նման հայտարարություններով հանդես չի եկել, բացի այդ՝ Swathi-ի ձեռքբերման շուրջ գործարքը ստորագրվել է այս տարվա ընթացքում, և Հայաստանի ոչնչացված զինանոցի ցանկում հնդկական ռազմական տեխնիկայի մասին որևէ հիշատակում չկա, նշում է պարբերականը՝ ենթադրելով, որ հնդկական կողմը չի հասցրել սպառազինությունն ամբողջովին մատակարարել։ Եվ եթե նույնիսկ մատակարարումը արագ իրականացվեր, ապա անհրաժեշտ կլիներ զենքը փորձարկել երկրի ներսում, զինված ուժերում կազմակերպել ուսումնական գործընթաց, ինչը, աղբյուրի փոխանցմամբ, բավականին ժամանակատար է։

Swathi համակարգը փոքր շառավղով հայտնաբերում է հրետանային ու հրթիռային կրակի աղբյուրներ՝ տեղորոշում և անհրաժեշտության դեպքում կանխում սադրանքները, միաժամանակ հնարավորություն է տալիս նաև պատժիչ գործողություններ իրականացնել։ EurAsian Times-ի տվյալներով, Swathi-ն Հնդկաստանի համար կարևոր դեր ունի Պակիստանի, ինչպես նաև Չինաստանի հետ սահմանների պաշտպանության գործում, որտեղ համակարգը տեղորոշում է հակամարտող երկրից կրակի աղբյուրը և անմիջապես պատասխան կրակ արձակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG