Մատչելիության հղումներ

Ըստ դատախազության, Արցախում Ադրբեջանի ԶՈւ կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել


Ադրբեջանցիները գրառումներ են կատարել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու արտաքին և ներքին պատերին։

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է՝ ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին Հայաստանի, Ռուսատսանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:

Մասնավորապես, ըստ դատախազության, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են Արցախի Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:

Բացի այդ, Դատախազությունը նաև նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ Արցախի Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի զինված ուժերը, ըստ հաղորդագրության, ոչնչացրել են Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը, ինչպես նաև նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են Արցախի Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկղեցու խաչը։

Դատախազությունը նշում է, որ նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել Քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Նախաքննության ընթացքումձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով, ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի տիրապետության տակ անցած՝ Արցախի տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG