Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը կողմնակալ է և «կարող է գնահատվել իբրև սադրանք»


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը բաքվում, արխիվ

Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Սենատի կողմից բացարձակ կողմնակալ բանաձևի ընդունումը կարող է գնահատվել որպես սադրանք: Ըստ ամենայնի, ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Նշելով, որ բանաձևն իրավական ուժ չունի, Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է․ - «Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»:

Պաշտոնական Բաքուն ֆրանսիական Սենատին խորհուրդ է տալիս «կողմնակալ որոշումներ ընդունելու փոխարեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և առաջընթաց ապահովող գործողություններով զբաղվել»:

Հայկական կողմը, հիշեցնենք, ողջունել է երեկ երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի ընդունած բանաձևը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, «պատմական» է որակել բանաձևը և շեշտել, որ «Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։

XS
SM
MD
LG