Մատչելիության հղումներ

Փայլանը Մեջլիսում քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը Արցախի հարցում, Չավուշօղլուն արձագանքել է


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը երազում է, որ մի օր Թուրքիան Ադրբեջանի նման Հայաստանին էլ եղբայրական երկիր համարի: Այս մասին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ՝ արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի ներկայությամբ:

Փայլանը քննադատել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Հայազգի պատգամավորը ցավով է արձանագրել, որ հազարավոր կյանքեր խլած պատերազմի արդյունքում շահեց միայն Ռուսաստանը՝ մեծացնելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Իսկ Թուրքիան դուրս մղվեց գործընթացից՝ մասնակից չդառնալով նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կայացված համաձայնությանը:

Փայլանի կարծիքով, Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել հակամարտող կողմերին` ամենևին նպատակ չունենալով վերջնականապես լուծել հարցը: «Ռուսաստանը շախմատային քաղաքականություն է վարում, մինչդեռ Թուրքիան նարդի է խաղում», - ասել է նա:

Հայազգի պատգամավորի խոսքով՝ Թուրքիային միայն դիտորդի դեր է բաժին հասել, այնինչ հենց Թուրքիան պետք է լիներ Կովկասում խաղաղության երաշխավորը: «Թուրքիան տանուլ է տալիս, քանի որ արտաքին քաղաքականությունը կառուցում է էթնիկ նմանության հենքի վրա: Սակայն ես երազում եմ, որ մի օր Թուրքիան Ադրբեջանի նման Հայաստանին էլ եղբայրական երկիր կանվանի», - ասել է Գարո Փայլանը:

Չավուշօղլուն հակադարձել է Փայլանին․ - «Դուք երբեք հրապարակայնորեն չեք ասել, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, և Հայաստանը պետք է դուրս գա այդտեղից»:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվելու են, և Ադրբեջանը պատրաստ է հետագա քննարկումների:

Խոսելով այս գործընթացում Թուրքիայի դերի մասին՝ նախարարը հիշեցրել է, որ թուրք զինծառայողները Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք մշտադիտարկման միասնական կենտրոնում մասնակցելու են հրադադարի վերահսկմանն ու պահպանմանը:

Չավուշօղլուն Փայլանի քննադատությունները բացարձակապես անհիմն է համարել՝ հայազգի պատգամավորին կոչ անելով անկեղծորեն խոստովանել, թե «ով է 30 տարի բռնագրավել Ադրբեջանի տարածքը»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակամարտության լուծումը ամենից շատ շահեկան է Հայաստանի և հայ ժողովրդի համար:

XS
SM
MD
LG