Մատչելիության հղումներ

Թբիլիսին պնդում է, որ նոր ռուս-աբխազական համաձայնագիրը «Մոսկվայի կողմից Աբխազիայի բռնակցմանն ուղղված ևս մեկ քայլ է»


Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի դիվանագիտական գերատեսչության համոզմամբ՝ համաձայնագիրը որևէ իրավական հիմք չունի:

Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Աբխազիայի վերջնական բռնակցման գործին։ Վրաստանի արտգործնախարարությունն այսօր տարածած հայտարարության մեջ այդպես է արձագանքել Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության խորացմանը միտված նոր ծրագրի հաստատմանը, որի ամբողջական տեքստը հրապարակվեց շաբաթասկզբին։

«Աբխազիայի և Ռուսաստանի օրենսդրությունների հիման վրա երկու երկրների միջև միասնական սոցիալական և տնտեսական տարածքի ձևավորման ծրագիր» կոչվող այս փաստաթուղթը ընդհանուր առմամբ 45 կետից է բաղկացած, որոնցից առանցքայինները երկքաղաքացիության դրույթի, ինչպես նաև երկակի հարկման բացառման մասին են։

Բացի այդ այս երկկողմ ծրագրով նախատեսվում է Աբխազիայի մաքսային օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող իրավական կարգավորումներին։ Պաշտոնական Սուխումին պնդում է, որ ծրագրի հաստատումը հնարավորություն կտա Աբխազիային ներգրավվել Ռուսաստանի հովանու ներքո ընթացող ինտեգրացիոն գործընթացներում։

Վրաստանի դիվանագիտական գերատեսչության համոզմամբ՝ համաձայնագիրը, որը Աբխազիայի կողմից ստորագրել են ինքնահռչակ հանրապետության նախագահն ու վարչապետը, իսկ ռուսական կողմից՝ փոխվարչապետ Հուսնուլինը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակը, որևէ իրավական հիմք չունի։

«Սա փաստացի բռնակցմանն ուղղված ևս մեկ անօրինական քայլ է, որի նպատակը Վրաստանի անբաժան մաս հանդիսացող տարածաշրջանների ինտեգրացիան է Ռուսաստանի ռազմական, քաղաքական տնտեսական և սոցիալական համակարգերին», - նշված է Վրաստանի արտգործնախարարության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։

Ուշագրավ է, ի դեպ, որ ռուս-աբխազական հուշագրի ստորագրման մասին բավական երկար ժամանակ չէր բարձրաձայնվում։

Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքը երկկողմ համաձայնագրի տեքստը հրապարակեց երկու օր առաջ՝ փաստաթղթի ստորագրումից գրեթե 10 օր անց։ Հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ Աբխազիայում ռուսական ներկայությունն էլ ավելի մեծացնող այս փաստաթուղթը կողմերը ստորագրել են նոյեմբերի 12-ին՝ այն նույն օրը, երբ Սոչիում կայացել էին Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների բանակցությունները։

Նշենք, որ այդ հանդիպման՝ լրատվամիջոցների համար բաց հաստվածում, ոչ Վլադիմիր Պուտինը և ոչ էլ Ասլան Բժանիան երկկողմ համաձայնագրի մասին չէին խոսել՝ բավարարվելով միայն ռուս-աբխազական հարաբերությունները խորացնելու մասին հերթապահ հայտարարություններով։

«Ցավոք սրտի, կորոնավիրուսի համավարակը ազդում է տնտեսության վրա, բայցևայնպես կասկած չկա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Աբխազիայի թիվ մեկ տնտեսական գործընկերը։ Հանրապետության ողջ ապրանքաշրջանառության մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Առկա են համագործակցության բավական լուրջ ուղղություններ՝ առաջին հերթին զբոսաշրջությունը, նաև գյուղատնտեսությունն ու հեռահաղորդակցության ոլորտը», - հայտարարել է Պուտինը նոյեմբերի 12-ին կայացած այդ հանդիպման ընթացքում։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի համոզմամբ՝ Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը ոչ միայն չի հակասում հանրապետության ինքնիշխանությանն, այլև ավելի է ամրապնդում այն։

«Աբխազիայի ղեկավարությունը պատրաստվում է կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որ տեղ են գտել [2014 թվականին կնքված] «Մեծ պայմանագրում», այլ փաստաթղթերում, քանի որ դրանք ամբողջությամբ համապատասխանում են Աբխազիայի շահերին, նպաստում են Աբխազիայի անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը», - նշել է Ասլան Բժանիան։

Թբիլիսիում, սակայն, վստահ են՝ չնայած Աբխազիայից հնչող լավատեսական այս հայտարարություններին, կնքած համաձայնագիրը երկու նպատակ ունի՝ մի կողմից Աբխազիան էլ ավելի կապել Ռուսաստանին, մյուս կողմից՝ վտանգել Վրաստանի ինքնիշխանությունը։

«Նման սադրիչ քայլերով և հիբրիդային պատերազմի գործիքների կիրառմամբ, Ռուսաստանի Դաշնությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, ոտնահարում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ լուրջ վտանգ ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար», - նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG