Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
Զրուցակիցները նաև կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։