Մատչելիության հղումներ

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին ՊՆ շենքի մոտ են, նրանք իրենց որդիներին են պահանջում


Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ շենքի մոտ, 24-ը նոյեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Պաշտպանության նախարարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են նախարարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գտնելու ուղղությամբ։

Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 25 կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Փաշինյանն ասել է, որ սա ընկալում է որպես ընդհանուր ցավ և հույս ունի, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, եղբայրների կկարողանան գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ։ Վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները պնդում են, որ իրենց հուզող հարցերի պատասխանները երեկ չեն ստացել։ Նրանք ցանկանում են տեղեկանալ, թե երբ են որոնողական աշխատանքներ սկսվելու այն տարածքներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են անցել։

Նշելով, որ այս հարցի պատասխանը դեռ չեն ստացել՝ ցույցի մասնակիցները քննարկում են Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնելու տարբերակը։ Նրանք ասում են, որ ցանկանում են խնդրել խաղաղապահներին որոնողական աշխատանքներ սկսել այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը հայկական կողմին թույլ չեն տալիս մտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG