Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Պատերազմից հետո հայկական կողմը մտահոգված է ադրբեջանական կողմին անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ճակատագրով։

Նշենք, որ ադրբեջանցիների կողմից Շուշին գրավելուց ընդամենը օրեր անց Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ մինչ պատերազմը քաղաքի գործող երկու եկեղեցիներից մեկը` Սուրբ Հովհաննես Մկրտիչը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Կանաչ ժամը, ավերված է։

Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղի ունեցածը կոչելով Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմ։

Օրերս ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին նամակ է հղել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացրել ադրբեջանական կողմի իրականացրած հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերն ու վանդալիզմի ակտերը և կոչ արել կառույցին արդյունավետ քայլեր ձեռնարկել` ապահովելու հայկական, պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG