Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին:
Համաձայն հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։
Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: