Մատչելիության հղումներ

Մինչ օրս շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել, հայտնում է Արտակ Բեգլարյանը


Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, արխիվ

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

«Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առայսօր ոչ մի այլ ողջ զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:
Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից», - հայտնում է ՄԻ պաշտպանը:

Նա նշել է, որ ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ Պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG