Մատչելիության հղումներ

Փաշինյանը ներկայացրել է պաշտպանության, ԱԻ և սոցապ նորանշանակ նախարարներին


Երեկ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների փոփոխություններ եղան, վարչապետն այսօր ներկայացրեց նորանշանակներին։

Պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը բանակին հաջողություն բերող նոր մարտավարության անհրաժեշտությունից է խոսել։ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նոր նախարարը, խոստացել է՝ կարճ ժամանակում վերլուծելով պատերազմի արդյունքները, ներկայացնել բարեփոխումների փաթեթ։ Հայաստանի զինված ուժերը բարեփոխելու խոստում, հիշեցնենք, Փաշինյանը մի քանի օր առաջ էր տվել՝ մինչև հունիս իրավիճակի հաղթահարման իր անելիքները շարադրելիս։

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած», - նշեց վարչապետը:

«Նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում բնական է, որ պետք է բանակը բերենք համապատասխան այս վիճակին: Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք», - ասաց պաշտպանության նախարարը:

Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը երկրորդ անգամ է ստանձնում, առաջին պաշտոնավարումը 1999-2000 թվականներին էր՝ 99-ի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի կաբինետում հենց նա էր պաշտպանության նախարարը։ Պաշտոնանկությունից հետո 20 տարի նա պետական պաշտոններ չի զբաղեցրել՝ մինչև այս տարվա օգոստոս ամիսը, երբ նշանակվեց վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է՝ Վաղարշակ Հարությունյանը կկարողանա վերակազմավորել բանակը։ Կարծում է՝ եթե ժամանակին բանակի ղեկավարները անհրաժեշտ քայլերն արած լինեին, Արցախը չէր ընկնի։ Շիրխանյանը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին է մեղադրում:

«Չի արվել Արցախի նախապատրաստումը պատերազմական գործողությունների: Այսինքն՝ զենքի, զինամթերքի, հանդերձանքի և ամեն ինչի պահեստավորումը, պաշարների ստեղծումը, չի արվել պաշտպանական գժերի ամրացումը, ոչինչ չի արվել: Փողեր են հատկացրել, որոնք անհայտացել են կամ լավագույն դեպքում դարձել են դղյակներ, սա է պատճառը: Եթե այդ բոլորն արվեր, թուրքական դրոնը լինի, թե չգիտեմ ինչը, չէր կարող մոտենալ Արցախի օդին, եթե տեղադրված լինեին գերժամանակակից սարքավորումներ և Արցախն ունենար իր հեռահար հրթիռահրետանային կայանքները», - ասաց Շիրխանյանը:

«Ազատության» հարցին՝ մեղադրում է միայն նախկին իշխանությանը, թե՞ Փաշինյանի իշխանությանը ևս, նախկին փոխվարչապետը պատասխանեց. «2,5 տարին մեծ ժամանակ չի, բայց ժամանակ էր ինչ-որ բացեր լրացնելու համար, որը նույնպես լիարժեքորեն չի արվել: Երկիրը պետք է ունենա մոբիլիզացիոն պլան, չուներ մինչ այդ և չի ունեցել հիմա: Մոբիլիզացիոն պլանի կազմելը մեծ միլիարդների հետ չի կապված, այլ ուղղակի մտավոր աշխատանք է, խելացի մարդկանց խումբ է պետք, որոնք նստեին և գրեին դա, որպեսզի ղեկավարն իմանար՝ ինչ ունի և ինչ չունի, կարող է պատերազմի մեջ մտնել այդ ունեցածով, թե չի կարող»:

Վահան Շիրխանյանն այսօրվա հրատապ անելիքներից խոսեց. «Բացի այն, որ Վաղարշակը կսկսի բանակի վերակազմավորումը, անհրաժեշտ է անմիջապես ստեղծել ռազմական արդյունաբերության նախարարություն, անմիջապես պետք է սկսել համախմբել գիտական ներուժը հայության և ուղղորդել նրանց համապատասխան խնդիրների լուծմանը»:

Անդրանիկ Փիլոյանի մասին շատ բան հայտնի չէ, գեներալ-մայորի կոչում ունի, պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր, մեկ ամիս առաջ՝ պատերազմի օրերին, արժանացել է Հայաստանի ազգային հերոս կոչմանը։ Փաշինյանը նոր մարտահրավերի պայմաններում ԱԻՆ-ից զարգացում ակնկալեց։

«Սոցիալական լարվածությունը ավելի է սրվելու», - Սոցապ նախարարությունում հայտարարել է վարչապետը՝ աշխատանքի մեծ տեմպեր սպասելով նոր նախարար Մեսրոպ Առաքելյանից։ Վերջինն, ի դեպ, եղել է վարչապետ Փաշինյանի խորհրդականը։ Առաքելյանը խոստացել է կարճ ժամանակում էական արդյունքներ ապահովել։

«Հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել», - նշել է վարչապետը:

«Իմ և նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք», - ասել է ԱԻ նորանշանակ նախարարը:

Իր հրաժարականի պահանջների ֆոնին Փաշինյանը 3 օր առաջ հայտարարեց, որ փոխոխություններ է անելու կառավարության կազմում, որպեսզի առաջիկա վեց ամիսներին իրավիճակից դուրս գալու գործողությունների իրականացնի: Այս պահին 2 փոխվարչապետերից ու 12 նախարարներից 4-ն են փոփոխվել՝ առաջինը արտաքին գործերի նախարարն էր։

XS
SM
MD
LG