Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարն առաջին անգամ այցելել է օկուպացված Գոլանի բարձունքներ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այցելում է Գոլանի բարձունքներ, 19-ը նոյեմբերի, 2020թ.

Մայք Փոմփեոն ԱՄՆ-ի արտաքին գործերի առաջին նախարարն է, ով այցելեց Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներ, ինպես նաև Հորդանանի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրեր, պարզ ասած՝ Իսրայելի միջազգայնորեն չճանաչված սահմաններ։

Գոլանի բարձունքները Իսրայելը Սիրիայից գրավել է 1967 թվականին, կարճատև պատերազմի արդյունքում։ Անցած տարի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այդ բարձունքները ճանաչեց Իսրայելի տարածքի մաս։

Փոմփեոն ոչ միայն այցելել է Գոլանի բարձունքներ, այլև հենց այնտեղ հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով Իսրայելի անվտանգության համար բարձունքների նշանակությունը։

«Դուք չեք կարող կանգնել այստեղ, նայել, թե ինչ կա սահմանից այն կողմ, և մերժել նախագահ Թրամփի կողմից ճանաչված ամենահիմնականը, ինչը նախորդ նախագահները հրաժարվել են անել։ Սա Իսրայելի մասն է և կենտրոնական մասն է», - հայտարարել է Փոմփեոն:

Նա վերհիշել է, որ իր երիտասարդ տարիներին, երբ զինվորական ծառայության մեջ էր, Միացյալ Նահանգների բանակի սպա էր, միջազգային հանրությունը ճնշում էր գործադրում այս տարածքները Սիրիային վերադարձնելու համար։ «Պատկերացրեք՝ Եվրոպայի սալոններում, Միացյալ Նահանգների էլիտար հաստատություններում մոդայիկ էր խոսել, որ այս տարածքները պետք է վերադարձնել Սիրիային։ Պատկերացրեք ռիսկը, վնասները, որ կունենան Արևմուտքը, Իսրայելը, Իսրայելի ժողովուրդը, եթե Ասադը վերահսկի այս տարածքը», - Գոլանի բարձունքներում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Փոմփեոյին ուղեկցում էր Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին: Նա պատմական է համարել պետքարտուղարի այցը Գոլանի բարձունքներ, շնորհակալություն հայտնելով նրան ու նախագահ Թրամփին:

«Կցանկանայի օգտվել հնարավորությունից՝ շնորհակալություն հայտնելու նախագահ Թրամփին և պետքարտուղարին Իսրայելի Պետության ճակատագրին ու անվտանգությանը երկարամյա աջակցության համար։ Պետքարտուղարը պատմական այց կատարեց Գոլանի բարձունքներ՝ առաջին անգամ գալով այստեղ», - հայտարարել է Աշկենազին:

XS
SM
MD
LG