Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ առանձնահատկություններ Հայաստանի հետ իրենց փոխհարաբերություններում վերջին ժամանակաշրջանում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, չի նկատում: Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց երեկ “Россия-24” հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի նկատմամբ «մեղմ ասած բավականին յուրօրինակ» դիրքորոշման համար Հայաստանի ղեկավարությանն ուղղվող մեղադրանքների վերաբերյալ հարցին:
«Չեմ հասկանում, թե ինչ է նկատի առնվում: Ես ինչ-որ առանձնահատկություններ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում վերջին ժամանակաշրջանում, այդ թվում այն շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանն է եղել իշխանության, չեմ նկատում», - ասաց Պուտինը՝ շարունակելով. - «Այո, ես արդեն ասել եմ՝ կիրառելի այսօրվա նկատմամբ, ինչպես և մինչ այդ մի քանի տարիների իրավիճակի, համարել և համարում եմ, որ երկիրը, որը գտնվում է բավականին բարդ վիճակում, մարտական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի և իշխանության կազմակերպում փողոցների օգնությամբ: Դա լավ բանի չի բերում, հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի բերում, պետք է համախմբել հասարակությունը, այլ ոչ թե պառակտել»:
«Բայց իմ այս դիրքորոշումը բոլորը գիտեն, ես այդ մասին բաց խոսում եմ, այժմ էլ չեմ քաշվում՝ հրապարակայնորեն խոսում եմ այդ մասին, սակայն դա ոչ մի ձևով չի ազդել մեր հարաբերությունների վրա: Այո, ես լավ հարաբերություններ եմ ունեցել նախկին ղեկավարության հետ, դա ես չեմ պահել, չեմ թաքցրել այդ հարաբերությունները, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր միջպետական կապերի վրա, որովհետև, նախ և առաջ, մեր անձնական հարաբերություններն էլ բավականին վստահելի, կառուցողական են ձևավորվել, այդ պատճառով այդ ակնարկներն ինձ այնքան էլ հասկանալի չեն, դա՝ առաջինը», - նշեց Ռուսաստանի նախագահը շարունակելով. - «Եվ երկրորդը՝ շատ կարևորը՝ բացի անձանցից, որոնք որոշակի վստահություն են վայելում սեփական երկրում, կա այդ երկրի ժողովուրդը, և եթե դուք խոսում եք հայ ժողովրդի մասին՝ Ռուսաստանին և հայերին կապում են բազմադարյա հարաբերությունները, որոնց արմատները հասնում են հեռու-հեռավոր անցյալ, մեր հարաբերությունների հիմքում մշակութային, կրոնական մերձավորությունն է, շատ պատմական բան է մեզ կապում, և դա նույնիսկ ավելի կարևոր է, քան կոնկրետ մարդկանց միջև հարաբերությունները»:
«Մենք հիշում ենք այդ մասին, երբեք չենք մոռանում, և դա Հայաստանի հետ մեր փոխգործողության հիմքում է ընկած», - ամփոփեց Պուտինը: